Իտալացի եպիսկոպոսը, որը Վատիկանի բանկում աշխատում է որպես հաշվապահ, ձերբակալվել է 20 միլիոն եվրոյի խարդախության գործով՝ հաղորդում է Corriere Della Sera-ն:
Ձերբակալվածը եպիսկոպոս Նունցիո Սկարանոն է, որն աշխատում է բանկի մասնաճյուղերից մեկում: Բացի նրանից՝ ոստիկանությունը ձերբակալել է բրոքեր Ջովանի Կարենցինոյին և իտալական հատուկ ծառայության աշխատակից Ջովանի Մարիա Զիտոյին:
Եպիսկոպոս Սկարանոն կապող օղակ է եղել սխեմայում, որը կազմակերպվել է Շվեյցարիայից Իտալիա անօրինական կերպով 20 միլիոն եվրո տեղափոխելու համար: Քահանան իր ընկերների խնդրանքով կապ է հաստատել Կարենցինոյի հետ և համոզել է նրան վերադարձնել գումարը, որն ավելի վաղ փոխանցվել էր բրոքերին: Դրանից հետո Զիտոն կառավարական ինքնաթիռով գումարը մաքսանենգ կերպով անցկացրել է սահմանով:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սկարանոյին կասկածում են փողերի լվացման հետ կապված ևս մեկ գործում, որը հարուցվել է եպիսկոպոսի դեմ Սալերնո քաղաքում: Հետաքննությունը պարզել է, որ նա 2009թ. Վատիկանի բանկի հաշվեհամարից լվացել է շուրջ 560 հազար եվրո:










































