Google ընկերությունը մշակում է ձեռքի ժամացույց և խաղային սարք: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների: Երկու սարքերն էլ կաշխատեն Android օպերացիոն համակարգով:
Սարքերի տեխնիկական առանձնահատկությունները, արժեքն ու թողարկման ժամկետը չի հստակեցվում: Պարբերականը կարծում է, որ ընկերությունը նման նախագծերով է զբաղվում Apple-ի հետ մրցակցելու նպատակով: Համաձայն շշուկների՝ Apple-ը «խելացի» ժամացույցներ է մշակում և Apple TV հեռուստասարքի հիման վրա խաղային սարք ստեղծում:
Ենթադրվում է, որ 2013-ի աշնանը Google-ը կներկայացնի Android-ի նոր տարբերակ՝ Key Lime Pie ծածկանվամբ: Այն կաջակցի էժան, թույլ հնարավորություններով սարքերի աշխատանքին, և ապահովի գործունեություն սարքերի լայն շրջանակի համար՝ ժամացույցներից մինչև նոթբուքեր:
Google-ը, ժամացույցից ու խաղային սարքերից բացի, ստեղծում է նաև Nexus Q մեդիանվագարկիչների նոր սերունդ: Նախորդ նվագարկիչը, որն ուներ գնդի ձև, թողարկվել էր 2012-ին և շուտ դուրս բերվել վաճառքից՝ բարձր գնի պատճառով: Այն արժեր 300 դոլար:








































