Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:
Վերջինս, մեկնաբանելով միգրացիոն համաձայնագրից դուրս գալու մասին Էրդողանի հնչեցրած սպառնալիքները, հայտարարել էր, որ Թուրքիան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ կստանա բոլոր 72 պահանջները կատարելու դեպքում, իսկ եթե Էրդողանը լրջորեն փորձի դուրս գալ փախստականների մասին համաձայնագրից, ապա նա պետք է թուրքերին բացատրի, թե ինչու նրանք չեն կարող առանց վիզայի ճամփորդել Եվրոպայում:
Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է. «Դուք ընդհանրապես չեք ճանաչում թուրք ժողովրդին: Այդ ժողովուրդը չի ընկնում առանց վիզայի ճամփորդելու հետևից: Այդ դուք եք մտահոգ, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան բացի իր դռները, և փախստականները շարժվեն Եվրոպա:
Միևնույն ժամանակ մենք հոգ ենք տանում փախստականների մասին: Ինչու: Որովհետև մենք ձեզ նման չենք, մենք մտահոգվում ենք մարդկանց մասին: Փախստականների (Թուրքիա) վերադարձի մասին համաձայնագիրն ու մնացյալ բաները ցույց են տալիս, որ ձեզ վստահել չի կարելի: Դուք չեք կատարում խոստումները: Դա է ձեր այլանդակ դեմքը: Հետո դուք բարկանում եք, երբ Էրդողանը ի ցույց է դնում ձեր այլանդակ դեմքը (աշխարհին): Դրա համար էլ դուք փորձում եք ձերբազատվել Էրդողանից»:







































