ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը կարող է վնասել Եվրոպայում իր գործընկերների և դաշնակիցների հետ ԱՄՆ ռազմավարական և դիվանագիտական հարաբերություններին, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկյան տնտեսության վիճակի վրա: Այս մասին չորեքշաբթի իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal թերթը:
«Ամենամոտ հեռանկարում ԱՄՆ ղեկավարությունը մտավախություն ունի, որ այսպես կոչված՝ Brexit-ը կարող է ցնցումներ առաջացնել դեռևս փխրուն ամերիկյան տնտեսությունում, մինչդեռ հիմնական հարվածը կլինի ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերոջ՝ ԵՄ-ի աճի ցուցանիշներին»,- գրում է թերթը: «Իսկ երկարաժամկետ հեռանկարում (ԱՄՆ նախագահ Բարաք) Օբամայի վարչակազմը մտավախություն ունի, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը կթուլացնի Եվրոպայում Վաշինգտոնի դիվանագիտական ազդեցությունը»,- հավելում է պարբերականը:
The Wall Street Journal-ը նշում է, որ շատ փորձագետների կարծիքով՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ եվրոպական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով, կվերացվեն, ինչը հակասում է ԱՄՆ-ի շահերին: Brexit-ից հետո Վաշինգտոնը, հանձին Լոնդոնի, կկորցնի նաև Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության գործում դաշնակցի՝ գրում է թերթը:
Բացի դրանից՝ եթե Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ ԵՄ կազմից, դա կարող է ԵՄ-ին զրկել ինչպես հզոր բրիտանական բանակի ռազմական աջակցությունից, այնպես էլ Միացյալ Թագավորության հետախուզական հնարավորություններին հասանելիությունից, ինչը չափազանց բացասական ազդեցություն կունենա անվտանգության վրա աճող ահաբեկչական սպառնալիքի ֆոնին՝ նշում է The Wall Street Journal-ը:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը շարունակելու հարցով հանրաքվեն անցկացվում է այսօր:












































