Հայաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առանց քննարկման, միաձայն կողմ քվեարկեց 1 տարի ժամկետով թույլտվության տրամադրմանը:
Զեկուցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը մանրամասնեց՝ դեսպանատունը 2 ռադիոհաճախականությունն օգտագործելու է սեփական կարիքների համար:
Դեսպանատներին կամ միջազգային այլ կազմակերպություններին նախկինում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ևս տրամադրվել է, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատանը, Եվրոպական խորհրդի գրասենյակին, Եվրամիության պատվիրակության գրասենյակին:
Հասարակական ակտիվիստ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ նման թույլտվության տրամադրումը հակաօրինական չէ, սակայն դրանում կան քաղհասարակության կողմից բարձրաձայնված մի քանի վտանգներ:
Հովհաննիսյանի համար տարօրինակ է նաև այն փաստը, որ նման խնդրանքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Ռուսաստանի դեսպանատան փոխարեն դիմում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:











































