Ատլասե հարսանեկան զգեստը, որով լեգենդար ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է, Լոնդոնում Christie’s աճուրդում վաճառվել է 188 հազար դոլարով:
Հարսանեկան զգեստը եղել է «Հայտնի մշակույթ» խորագրով աճուրդի գլխավոր լոտը, որը միավորել է 20-րդ դարի փոփ-մշակույթի գործիչներին պատկանող իրերը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, գնորդի անունը հայտնի չէ: Նրա առաջարկած գինը շուրջ չորս անգամ գերազանցել է նախնական արժեքը:
«Մեզ համար պատիվ էր դառնալ լեգենդար զգեստի վաճառքի պատասխանատու, որը կազմում է Հոլիվուդի պատմության կարևոր մասը»,- մեջբերում է պարբերականը աճուրդի տան ղեկավար Նիկոլեթ Թոմքինսոնի խոսքերը:
Զգեստի ստեղծման համար, որով 18-ամյա Թեյլորը 1950թ. ամուսնացել է Կոնրադ Հիլթոն-կրտսերի հետ, պահանջվել է երեք ամիս: Դրա վրա աշխատել է 15 մարդ: Շուրջ 14 մ երկարություն ունեցող քողը զարդարված է մարգարիտներով: Զգեստի իրանի հատվածը կազմում է ընդամենը 50 սմ:
![]()












































