Այսօր Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում՝ բնակավայրերից մեկում արջ է հայտնվել: Մասնագետները 2 ժամ հետևել են մոտ 45 կգ կշռող գիշատչին, քնեցրել են, տարել քաղաքի սահմաններից դուրս և ազատ արձակել Մերիլենդ նահանգի անտառներից մեկում:
Անկոչ հյուրին բնակարանի պատուհանից նկատել է տեղի բնակչուհիներից մեկը՝ հաղորդում է Վաշինգտոնի ռադիոն: Երբ նա զանգահարել է քաղաքային իշխանությունների համապատասխան կենտրոն, նրան նույնիսկ հրաժարվել են հավատալ:
Հետո, իհարկե, մասնագետները խոստովանել են, որ դա այնքան էլ հազվադեպ երևույթ չէ: Նրանց խոսքերով՝ տարվա հենց այս ժամանակաշրջանում են արջերը իրենց համար բնակվելու և սնվելու հարմար վայր փնտրում:
Փողոցը, որով զբոսնում էր արջը, հեռու չէր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատնից:









































