Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը երեքշաբթի Բուքինհեմյան պալատում անցկացրել է ընդունելություն՝ նվիրված գիտատեխնիկական ոլորտում 1 մլն ֆունտի չափով (1.5 մլն դոլար) մրցանակի ստեղծմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով թագուհու լոնդոնյան նստավայրի մամլո ծառայության ներկայացուցչին:
Մրցանակը, որը կրում է միապետի անունը (Queen Elizabeth Prize for Engineering) շնորհվում է ինժեներիայի ոլորտոմ ինովացիաների հեղինակներին, որոնք էական ազդեցություն են ունեցել մարդկության առաջընթացի վրա:
Առաջին մրցանակը ստացել են այն մարդիկ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել համացանցի ստեղծմանը: Խոսքը մասնավորապես անգլիացի Թիմ Բերներս-Լիի, ֆրանսիացի Լուի Պուզենի, ամերիկացիներ Ռոբերտ Կանի, Վինտ Սերֆի և Մարկ Անդերսենի մասին է:
Արարողությանը ներկա են եղել բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխվարչապետ Նիկ Քլեգը և միացյալ ընդդիմության առաջնորդ, լեյբորիստների նախագահ Էդ Միլիբենդը:









































