Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով ղեկավարել է մարզը 2010 թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը, և հրաժարականի դիմում ներկայացրեց Շիրակում Սերժ Սարգսյանի պարտությունից հետո, տեղյակ չէ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործից: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, թե «հնարավոր չի Գիզիրյանի մասնակցությամբ ու գիտությամբ որևիցե չարաշահում լինի», և որ չի կարծում, որ «Շիրակի մարզով ինչ-որ բան լինի»:
Նշենք, որ ՀՔԾ-ն 4 քրեական գործ է հարուցել` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:
– Պարոն Գիզիրյան, տեղյա՞կ եք, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել 4 մարզպետարանների հետ կապված, նաև` Շիրակի մարզպետարանի չարաշահումների հետ կապված:
– Ոչ: Տեղյակ չեմ: Հիմա Շիրակի մարզում կա նոր մարզպետ, կա մարզպետարան, բոլոր հարցերը խնդրում եմ ուղղեք իրենց: Երբ որ հարց կլինի Գիզիրյանին վերաբերվող, այդ ժամանակ Ձեր բոլոր հարցերին մեծ սիրով կպատասխանեմ:
– Խնդիրն այն է, որ նաև Ձեր պաշտոնավարման ժամանակ` 2012 թվականին բաշխված դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի առթիվ է գործ հարուցվել:
– Դիզվառելիքի ու ազոտական պարարտանյութի հետ կապված հնարավոր չի Գիզիրյանի մասնակցությամբ ու գիտությամբ որևիցե չարաշահում լինի: Եթե տեսնեք էլ դա, չհավատաք:
– Պարզապես հիմնականում Ձեր պաշտոնավարման ժամանակ են եղել խախտումները…
– Ասենք իմ պաշտոնավարման ժամանակ է, հետո ի՞նչ: Էնտեղ կան մասնագիտական վարչություններ, որոնք զբաղվել են դրանով: Երկրորդ` երբ որ Շիրակի մարզում կոնկրետ կլինի չարաշահում, ինչքան, ինչ չափով, և կլինի, որ ասենք Գիզիրյանը տեղյակ է եղել կամ մասնակից է, նոր ես Ձեր հարցերին կպատասխանեմ: Դա հնարավոր չի, որ աչքով էլ տեսնեք, չհավատաք, որ Գիզիրյանը որևիցե մի բանի, չարաշահման կարող է մասնակից լինել: Եթե տեսնեք, չհավատաք:
– Պարոն Գիզիրյան, ստացվում է՝ չարաշահում եղել է, բայց Դուք տեղյակ չե՞ք եղել որպես մարզպետ:
– Ոչ, ոչ, իսկ ո՞վ է ասում, որ չարաշահում եղել է: Դուք մի հատ ճշտեք` ինչ է եղել, նոր:
– Խոսքը ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մասին է:
– Ասեցի` ես տեղյակ չեմ: Դուք ՀՔԾ-ից ճշտեք, թե իմ մասով ինչ կա, նոր զանգեք ինձ:
– Էստեղ հստակ գրված է, պարոն Գիզիրյան, որ 2012-13թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:
– Ես էլ Ձեզ ասում եմ, եթե կշեշտվի, որ Գիզիրյանը մասնակից ա եղել կամ տեղեկացված ա եղել, կամ ինչ որ չարաշահում ա եղել, որին ես մասնակից եմ եղել, Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:
– Իսկ Դուք միգուցե պատշաճ վերահսկողությո՞ւն չեք իրականացրել:
– Հնարավոր չի: Եթե Դուք նայեք Գիզիրյանի անցած ճանապարհը և նախկին աշխատավայրերը, հնարավոր չի, որ Գիզիրյանը պատշաճ հսկողություն իրականացրած չլինի: Երբ որ Շիրակի մարզում կլինի կոնկրետ փաստ, կոնկրետ չարաշահում և կոնկրետ քրեական գործ, որ Շիրակի մասով ա, նոր կխոսենք:
– Ասել է թե` Ձեր կարծիքով, ՀՔԾ-ում Շիրակի մարզի մասով հարուցված քրեական գործը պատշաճ հիմքեր չունի՞:
– Չգիտեմ` Շիրակ մարզով ինչ կա, և կա, թե չկա: Ես չեմ կարծում, որ Շիրակի մարզով ինչ-որ բան լինի:
– Պարոն Գիզիրյան, քրեական գործ է հարուցված, իսկ Դուք ասում եք` երբ որ կլինի:
– Վա~յ, սպանեցիք: Մնացած բոլոր հարցերը տվեք ՀՔԾ-ին: Երբ որ ՀՔԾ-ից կասեն՝ Գիզիրյանը մասնակից է, էն ժամանակ ինձ կզանգեք:








































