Լիբանանում բոլոր կողմերը պետք է հարգեն պետության և դրա ինստիտուտների հեղինակությունը, ներառյալ զինված ուժերի՝ կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն Լիբանանի բանակի դիրքերի վրա գրոհայինների հարձակման կապակցությամբ, ինչը զինվորականների շրջանում հանգեցրել է մեծ կորուստների:
«Միջազգային հանրությունը միաձայն աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու կայունությանը»,- ընդգծել է Նեսիրկեն:
Նա Լիբանանում հետաքրքրված կողմերին հիշեցրել է «հակամարտությունը կանխելու իրենց պատասխանատվության» մասին և փոխադարձ հարգանքի ու հանուն ազգային միասնականության համագոյակցության կոչ է արել:
Հիշեցնենք, որ Լիբանանի հարավում՝ Սայդա քաղաքում, բանակային հսկիչ անցակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է 20 զինծառայող, ավելի քան 100-ը վիրավորվել են:








































