Ջորջ Պետուրյանը երեք տարի առաջ Սիրիայից եկավ Հայաստան: Առաջին անգամ մեծ հուզմունքով, ակնկալիքով հայրենի հողին ոտք դրեց: Ակնկալիքները մասամբ արդարացան. Հայաստանում ունեցավ հաջողված ընտանիք, բայց՝ անհաջող բիզնեսի փորձ:
Ջորջը վարսահարդար-քիմիկոս է: Մեկտեղելով ձեռքի շնորհքն ու քիմիայի գիտելիքը՝ որոշեց բիզնես սկսել՝ արտադրել մազերի խնամքի միջոց, որի բաղադրությունը միայն իրեն է հայտնի: Նրա խոսքով՝ մազերի խնամքի այս միջոցից միայն Բրազիլիայում են պատրաստում: Աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեցող նյութը պաշտպանում է մազը արտաքին միջավայրի ազդեցությունից և փարթամ տեսք է հաղորդում 4-ից 6 ամսով: Այսպես ասած՝ թանկ հաճույք է:
Գաղափարը գործի գցելու համար օգնության է հասել ՓՄՁ-ն. տրամադրել են վարկ, մշակել են բիզնես-ծրագիր ու սկսել աշխատել: Նա տարածք է վարձակալել, սկսել արտադրել բանանի խտանյութով պատրաստված կերատինը:
Ջորջի բիզնեսին վերջակետ է դրել արտադրանքի իրացման խնդիրը. արտադրամասի տարածքը վաղուց հանձնել է տիրոջը, վարձակալած բնակարանն էլ վերածել է պահեստի:
Բացի կերատինից՝ գործարարը նաև հեղուկ օճառ և շամպուն է արտադրել, որպեսզի գոնե դրանց վաճառքով կարողանա 5 միլիոն դրամի վարկը փակել: Սակայն ապարդյուն: Թուրքական արտադրանքը շուկայում տեղական արտադրողի օդը փակել է: Սիրիահայ գործարարը կառավարությանը հորդորում է բիզնեսի համար հուն բացել: Ջորջը չարված քայլերն է թվարկում:
Արտադրանքի իրացումը կազմակերպելու համար քաղաքապետարանից գործարարին սկզբում կերակրել են հույսերով, հետո խոստումները գրել սառույցին:
Վարկով սկսած գործը գլուխ չբերելով՝ գլխին նոր խնդիր է բերել. վարկի երաշխավորների հաշիվները կալանքի տակ են, գույքի մի մասը՝ առգրավված: Դրությունից ելք կա, բայց կառավարության ցանկությունը չկա: Տեղական արտադրողի արտադրանքի իրացման կազմակերպումը մի քանի զանգի հարց է:
Նա պատրաստ է կռիվ տալ դժվարությունների հետ, քանզի առաջնեկի ապագան այստեղ է տեսնում: Բայց համբերության բաժակը լցվելուն պես՝ պարզապես ստիպված է լինելու օտար երկրում իր գաղափարը կյանքի կոչել:









































