Թուրքիայի, Լեհաստանի և Ռումինիայի ԱԳՆ ղեկավարները կողմ են 3 երկրների հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ընդլայնմանը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Վարշավայում 3 երկրների ԱԳՆ ղեկավարների եռակողմ քաղաքական և ռազմական խորհրդակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն բալիստիկ հրթիռներ ունի (Patriot զենիթա-հրթիռային համալիրներ) նաև Թուրքիայում: Դրանք տեղակայված են բոլոր 3 երկրներում պաշտպանության նպատակներով: Մենք եկանք այն կարծիքի, որ ՀՀՊ համակարգերը պետք է այնպես ընդլայնվեն, որ պաշտպանություն ապահովեն բոլոր 3 երկրներին և դրանց բնակչությանը»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար լուրջ վտանգ է ներկայացնում «Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշումը»: Չավուշօղլուն նշել է, որ շատ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով «ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ երկրում, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է»՝ նկատի ունենալով Հունաստանին:
Պուտինը մայիսին Հունաստան այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ռումինիայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի շահագործման հանձնմանը։ Նրա խոսքով՝ Ռումինիայում ՀՀՊ սարքերում կարող են տեղակայվել հարվածային համալիրներ՝ բավական է փոխել ծրագրային ապահովումը։
Պուտինի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն կրկնել է վստահեցումներն առ այն, որ Եվրոպայում ստեղծվող ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։








































