Walt Disney ընկերությունը պատրաստվում է սկսել իր ֆիլմերի արտադրությունը Չինաստանում: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը:
«Հիմա մենք շատ ջանքեր ենք գործադրում Չինաստանում Disney ապրանքանիշի ներքո ֆիլմերի արտադրություն սկսելու համար… Մենք արդեն շատ առաջ ենք գնացել այդ գործընթացում՝ ներառյալ ֆիլմերի համար գաղափարների մշակումը և այդ ֆիլմերի ստեղծման համար տաղանդների որոնումը»,- ասել է Այգերը:
Նրա խոսքով՝ առաջին ֆիլմը կարտադրվի արդեն տարվա ընթացքում: Walt Disney-ի նախագահը կարծում է, որ շուտով Չինաստանը կդառնա կինոարտադրության՝ աշխարհի ամենամեծ շուկան:
Ներկայումս Walt Disney-ի 5 կինոստուդիաներից ԱՄՆ սահմաններից դուրս է գտնվում միայն մեկը՝ Disney Nature, որը բացվել է 2008թ. Փարիզում: Բացի դրանից՝ ընկերության հիմնական կինոստուդիան ոչ մեծ ստորաբաժանում ունի Ճապոնիայում:








































