Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդներին զինելը կհանգեցնի այդ երկրում մարտական գործողությունների ընթացքի փոփոխության, ինչը Սիրիայի ղեկավարությանը կստիպի բանակցել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կարծիք է հայտնել Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին:
«Անհրաժեշտ է ստեղծել ուժերի հավասարակշռություն, որպեսզի վարչակարգը գնա բանակցությունների»,- ասել է շեյխ Համադը Դոհայում «Սիրիայի բարեկամներ» համաժողովի բացմանը:
Նրա խոսքերով` կողմերին հաշտեցնելու ջանքերը, ինչպես միջազգային, այնպես էլ արաբական պետությունների կողմից, տապալվել են, իսկ միջազգային հանրությունը վերածվել է «սիրիական ողբերգության դիտորդի»:
«Ժամանակն է վերջ դնել տեղի ունեցողին, մենք չենք կարող այլևս սպասել, քանի դեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամները կպայմանավորվեն իրար մեջ, չենք կարող սահմանափակվել միայն բարոյական աջակցությամբ»,- ասել է նա:
Վարչապետի կարծիքով` զենքն անհրաժեշտ է սիրիացի ընդդիմադիրներին, քանի որ միայն այս դեպքում «ուժի օգնությամբ հնարավոր կլինի արդարության հասնել»,- ասել է Համադը և հավելել, որ իր երկիրը դեմ չէ երկխոսության սիրիական հակամարտության լուծումը գտնելու համար, որի արդյունքում Բաշար Ալ-Ասադի վարչակարգը հրաժարական կտա:








































