Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացիների ու աբխազների միջև պետք է վերականգնվի վստահությունը:
Այդ մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը. «Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը վրացիների ու աբխազների միջև:
Իսկ նման դաժանությամբ կատարված հանցանքների անպատժելիությունը միայն վերքեր է բացում, ինչը բխում է վրաց ու աբխազ ժողովուրդների թշնամիների շահերից:
Հետևաբար մենք պետք է պահպանենք սառը բանականություն, որպեսզի միասնական ջանքերով փոխենք փակուղի մտած իրավիճակը»: Նա մտավախություն է հայտնել, որ գոյություն ունի Օտխոզորիայի մարդասպանի հետ ինչ-որ մեկի կողմից հաշվեհարդար տեսնելու ռիսկ:
Կվիրիկաշվիլին կարծիք է հայտնել, որ դա կարող է անել նա, ով շահագրգռված է վրացիների ու աբխազների միջև վստահության վերականգնման գործընթացի տապալման համար:
Աբխազիայի զինդատախազության տվյալներով` աբխազ սահմանապահների ու Օտխոզորիայի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ վերջինիս մերժել են Աբխազիա մուտքի հարցում` կապված անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հետ:







































