Առնվազն 2,4 հազար ամերիկացիներ օգտվել են Mossack Fonseca իրավաբանական ընկերության ծառայություններից օֆշորային ընկերությունների ստեղծման համար: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով «Պանամայի փաստաթղթերը»:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիների կողմից գրանցված է եղել առնվազն 2,8 հազար օֆշորային ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սեյշելյան կղզիներում և Պանամայում:
Փորձագետների գնահատմամբ՝ դաշնային բյուջեի կորուստները օֆշորների օգտագործման պատճառով չվճարված հարկերի հետևանքով կարող են կազմել 40-70 մլրդ դոլար:
NYT-ը նշում է, որ կնքված պայմանագրերից շատերն օրինական են, քանի որ ԱՄՆ-ում օրինական հիմքեր կան օֆշորային հաշիվների ստեղծման համար, մասնավորապես, արտասահմանում բիզնես ստեղծելիս կամ օտար երկրում անշարժ գույք գնելու դեպքում: Սակայն շատ փաստաթղթեր ցույց են տալիս, որ Mossack Fonseca-ն հաճախորդներին տրամադրել է ավելի շատ ծառայություններ, քան կեղծ ընկերությունների և հաշիվների ստեղծումը: Պարզվում է՝ խոսքը հարկերը վճարելուց և ֆինանսական տեղեկության բացահայտումից խուսափելու հարցերով ղեկավարության մասին է:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլի 3-ին հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։








































