Բրազիլիայի հետախուզական գործակալությունը հատուկ ստորաբաժանում կստեղծի, որը կհետևի սոցիալական ցանցերում օգտատերերի ակտիվությանը: Սան Պաոլոյում և Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են հանրահավաքները, իսկ իրավապահներին հետաքրքրում են ցուցարարների ծրագրերը: Այս մասին հաղորդում է բրազիլական O Estado de Sao Paulo թերթը:
Գործակալությունը կստեղծի «Խճանկար» կոչվող համակարգը, որը կփնտրի բանալի բառեր Twitter-ում, Facebook-ում, կհետևի WhatsApp կայքի հաղորդագրություններին, և Instagram-ում տեղադրված լուսանկարների մեկնաբանություններին: Այս աշխատանքների նպատակն է պարզել ոչ միայն ցուցարարների նպատակներն ու ծրագրերը, այլ նաև իմանալ բողոքի ցույցի ուժի և «ալիքների» մասին, ինչպես նաև պարզել ընդդիմադիր ուժերի մասնակցության աստիճանը հանրահավաքներին:
Ծրագիրը ստեղծվում է Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի իրավապահների կողմից մշակված ծրագրերի հիման վրա: Վերջինս մի ծրագիր է ստեղծել, որը կարող է որսալ և գաղտնազերծել WhatsApp-ի միջոցով ստացված հաղորդագրությունները:











































