Մինչ Հայաստանի կառավարությունը անում է հաջորդ քայլը, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարում կամ, ավելի շուտ, հայտարարում է, որ այդ քայլը շուտ չի անելու, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել որակական ստագնացիայի վիճակում: Հայաստանի տնտեսության պարագայում հանրային ուշադրությունը հիմնականում բևեռվում է մակրոտնտեսական ցուցանիշների, վիճակագրության, աճի, շրջանառության ծավալների և այդ կարգի այլ ցուցանիշների վրա:
Սակայն Հայաստանի տնտեսության պարագայում կա որակի կարևորագույն խնդիր, որը ոչ միայն պակաս էական չէ տնտեսական հեռանկարների առումով, քան աճի վիճակագրական ցուցանիշները, այլև միգուցե նույնիսկ հեռանկարի տեսանկյունից առավել կարևոր է: Տարօրինակ կարող է հնչել, սակայն տնտեսության համար որակական ստագնացիան գուցե ավելի ծանր երևույթ է, քան վիճակագրականը կամ մակրոտնտեսականը: Եվ հակառակը՝ եթե տնտեսության որակն աճում է, ապա վիճակագրական, թվաբանական ստագնացիան կարող է այդքան էլ աղետալի չլինել, լինել կարճաժամկետ երևույթ, որը արագ կտրանսֆորմացվի արդեն թվային աճի: Իսկ ահա հակառակի դեպքում, եթե անգամ կա թվային աճ, դա կարող է լինել կարճաժամկետ էֆեկտիվ գործոն՝ երկար ժամկետում ունենալով սպառնալից հեռանկարներ որակական անմրցունակության տեսանկյունից:
Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության որակները ենթարկվում են արագ փոփոխության: Հայաստանն առանց այդ էլ եղել է նույնիսկ առկա որակներից, այսօր արդեն զգալիորեն հնացող որակներից չափազանց հետ: Այսինքն՝ այստեղ որակական վիհը Հայաստանի և համաշխարհային տնտեսությունների միջև սպառնում է աճել: Հայաստանի տնտեսությունը շարունակում է «հենված» մնալ օդիոզ կերպարների վրա, Հայաստանի խոշոր կապիտալիստների գերակշռող մեծամասնությունը շարունակում են լինել մարդիկ, որոնց մտածողությունը լավագույն դեպքում միջթաղային է, ոչ թե միջազգային: Լայն մտահորիզոնը, ոչ միայն փող հաշվելու կամ «քյար» հաշվելու ունակ, այլ տնտեսական և քաղաքական էրուդիցիայով օժտված գործարար խավի առկայությունը Հայաստանի տնտեսական կյանքում շարունակում է մնալ «կղզիացված» կարգավիճակում:
Հենց այս տեսանկյունից է առաջին հերթին կարևոր Հայաստան արտաքին ներդրումների ներգրավումը, քանի որ այդ ներդրումները իրենց հետ բերում են նաև մշակույթ, մտածողություն, նոր որակ: Աշխարհի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունը առաջին հերթին դնում է հենց այդպիսի պահանջներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում արդեն կբերեն շոշափելի փոփոխությունների:
Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունն այս դիսկուրսը ոչ միայն չի խրախուսում, այլև գերադասում է անել ամեն ինչ՝ հանրությանը հին տնտեսական դիսկուրսի մեջ պահելու համար: Որովհետև որակական դիսկուրսը իշխանության համար առավել վտանգավոր է: Իշխանությունը ծայրահեղ դեպքում իր ռեսուրսների հաշվին կարող է դոզավորված ավելացնել վիճակագրական թվաբանական պատկերը, իսկ ահա որակն ավելացնելու պատրաստ չէ՝ թե՛ զուտ մտածողության, թե՛ շահերի իմաստով: Որովհետև թվերն իշխանությանն են, իսկ որակը Հայաստանի իշխանության համար օտար երևույթ է:
Եվ, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած, այսպես կոչված, հակամենաշնորհային և արդյունավետ կառավարման գործընթացը հետապնդում է հենց այդ նպատակը՝ որակի խնդիրը ծածկել թվերով:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի








































