Բելառուսի ԱԳՆ-ը հերքել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումները, որոնք վերագրվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Օրերս հրապարակվել էր Բելառուսի նախագահի՝ izvestia.kiev.ua-ին տված «հարցազրույցը», որում Լուկաշենկոն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»:
Քոչարյանի խոսքով՝ Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն նման ձևակերպումներով հայտարարություն չի արել: Ավելին, Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ժամանակ նա հարցազրույց չի տվել այդ պարբերականին:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































