Չնայած այն բանին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զղջում է ռուսական Սու-24 ինքնաթիռի դեպքի համար, որից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվեցին, նա հազիվ թե հրապարակավ ներողություն խնդրի, համարում են BBC-ի վերլուծաբանները:
«Եթե Էրդողանը կարողանար ուղղել իր արտաքին քաղաքականությունում մեկ սխալ, ապա նա չէր խոցի ռուսական ինքնաթիռը: Նա շատ է զղջում դրա համար: Սակայն, հաշվի առնելով Էրդողանի անհատականությունը, ես կարծում եմ, որ նրա կողմից ներողությունը քիչ հավանական է: Դա կլիներ նրա արտաքին քաղաքականության ձախողման առաջին խոստովանությունը»,- համարում է Վաշինգտոնի համալսարանի հետազոտական կենտրոնի աշխատակից Սոներ Չագապտայը:
BBC-ն Մոսկվայի և Անկարայի ներկա հարաբերությունները բնութագրում է որպես «վերահսկվող լարվածություն»: Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ կցանկանար հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն չգիտի, թե ինչ «առաջին քայլ» են իրենցից սպասում:
BBC-ն գրում է, որ դեպքի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան սպասում է պաշտոնական և հրապարակավ ներողության:
Հոդվածում ասված է, որ շատ փորձագետներ նաև համարում են, որ «հրապարակավ ներողությունը ազգայնամոլների աչքերում կերևա ստորացուցիչ, որոնց աջակցությունը անհրաժեշտ է Էրդողանին», որպեսզի քաղաքական համակարգի փոփոխություն իրականացնի` խորհրդարանականից անցնելով նախագահական կառավարման մոդելի:
«Ոչ Էրդողանը, ոչ էլ իշխող կուսակցությունը չեն կարող իրենց վրա վերցնել այդ ռիսկը և վճարել այդպիսի քաղաքական գին: Ոչ մի ներողություն չի կարող լինել, քանի դեռ չեն ավարտվել ռեժիմի փոփոխման քննարկումները»,- ասել է թուրք ակադեմիկոս Ահմեթ Կասիմ Հանը:







































