Թուրքիայի Մարաշի նահանգում հանցագործ խմբավորում է վնասազերծվել, որը երկար ժամանակ զբաղվել է փախստական սիրիացի երեխաներին որպես ստրուկ` էժան աշխատուժ օգտագործելով: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պարզվել է, որ միայն Մարաշ քաղաքում 9-14 տարեկան 282 սիրիացի երեխաներ օրական 12 ժամ աշխատել են որպես մակուլատուրա` տպագրական խոտան հավաքողներ, իրենց աշխատանքի դիմաց ստանալով օրական 5 թուրքական լիրա (մոտ 2,5 ԱՄՆ դոլար):
Հանցագործ խմբավորմանը հայտնաբերելու առիթ է հանդիսացել այն, որ Մարաշի կենտրոնում մեծացել էր սայլակներով թղթի թափոններ հավաքող սիրիացի երեխաների թիվը: Հայտնաբերվել են նաև անօրինական պահեստները, որտեղ կուտակվում էր երեխաների հավաքած մակուլատուրան: Պահեստները ծառայել են նաև երեխաների համար որպես հանրակացարան:
Ոստիկանությունն ընդամենը տուգանել է սիրիացի երեխաներին որպես ստրուկներ օգտագործող երեք թուրք «ձեռնարկատերերին»։
Միջազգային և թուրքական ԶԼՄ-ները հաճախ են անդրադարձել Թուրքիայում սիրիացի փախստականներին, այդ թվում` երեխաներին որպես էժան աշխատուժ ապօրինաբար օգտագործվելու խնդրին, սակայն, երևույթը չի վերանում, քանի որ թուրքական իշխանությունները հանցագործների դեմ թեթև պատիժներ են կիրառում:











































