Տարեսկզբից ավելի քան 2500 ներգաղթյալ է խեղդվել Միջերկրական ծովում։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով միգրացիոն մարմինների տեղեկատվությանը։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան դեպքերի թիվն ավելացել է 35 տոկոսով։
Ինչպես նշում է պարբերականը՝ չնայած Թուրքիայի հետ միգրացիոն գործարքին, փախստականները շարունակում են Եվրոպա հասնելու փորձեր ձեռնարկել։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Ուիլյամ Շպինդլերը կարծում է, որ ցնցող թվերը միայն կավելանան։ Նրա կանխատեսումներով՝ եղանակային պայմանների բարելավմամբ ավելի ու ավելի շատ ներգաղթյալներ կփորձեն ռիսկային ճանապարհորդություն կատարել։
Բացի դրանից՝ նա հայտնել է, որ Լիբիայում գործում են մաքսանենգներ, որոնք կազմակերպում են դեպի Եվրոպա ներգաղթյալների անօրինական թրաֆիք։ Ավելի շատ գումար աշխատելու համար նրանք ընտրում են ավելի ու ավելի ռիսկային մարտավարություններ ու հարյուրավոր փախստականներով գերբեռնված նավեր ուղարկում բաց ծով։









































