Ռասել Քրոուի դեբյուտային ռեժիսորական աշխատանքը կարող է դառնալ «Ջրի մարգարե» (The Water Diviner) դրաման: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Քրոուն մտադիր էր իրեն փորձել ռեժիսորի դերում դեռևս մի քանի տարի առաջ: Նա ուսումնասիրել է մի քանի հնարավոր նախագծեր և ներկայում բանակցություններ է վարում «Ջրի մարգարե» նախագծի պրոդյուսերների հետ: Եթե Քրոուի հետ համաձայնագիր կնքվի, նա հանդես կգա ոչ միայն որպես ֆիլմի ռեժիսոր, այլև որպես գլխավոր դերակատար:
Ֆիլմում իրադարձությունները զարգանում են 1919 թվականին: Գլխավոր հերոսը կլինի ավստրալացի տղամարդ, որն ուղևորվում է Թուրքիա՝ որոնելու իր երկու որդիներին, որոնք անհետացել էին Գալիպոլիի մարտից հետո:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2013-ին:










































