Արարատ քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող հանրակացարանում այսօր շուրջ 41 ընտանիք է ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատևում. կիսախարխուլ, անձրևաջրերից խունացած սենյակներ, ընդհանուր սանհանգույց, ընդհանուր ջուր…
68-ամյա Վարդուհի տատը 25 տարի աշխատել է Արարատի ցեմենտի գործարանում, 45 տարեկանից անցել է թոշակի, ունեցել հինգ երեխա: Անցյալ տարի կորցրել է 44-ամյա որդուն, այս տարի՝ 33-ամյա հարսին: Հիմա թոռնիկին չի կարողանում պահել, քանի որ ամսական եկամուտը 36 հազար դրամ է: Նրա կիսախարխուլ սենյակում միայն մոմի լույս կա. էլեկտրաէներգիայի 10.000 դրամ պարտք ունի: Այժմ նա ստիպված է թոռնիկին մանկատուն տանել:
«Մահից հետո խնամակալը ես եմ, 23 հազար դրամ թոշակ եմ ստանում, 13 հազար էլ երեխան է ստանում՝ որպես ծնողազուրկ: Դիմել եմ Արարատի քաղաքապետին, դիմել եմ մարզպետարան, մարզպետարանից պատասխանել են, թե քաղաքապետարանը կզբաղվի այդ հարցով, սակայն այդպես էլ չեն օգնել»,- հուզված պատմեց Վարդուհի տատը:
36 հազար դրամը չստացած՝ վերջանում է, քանի որ Վարդուհի տատը չգիտի՝ աղբի՞, թե՞ տան վարձ տա: Թոռնիկը փոխադրվում է ութերորդ դասարան: Թեև տնօրենն օգնել է դպրոցի դասագրքերի գումարի հարցում, սակայն տետրերի գումարը չի կարողանում վճարել:
«Քաղաքապետարանի իրավաբանը եկել տեսել է, ասում է՝ այս պայմաններո՞ւմ ես ապրում, պետք է հրաժարվես երեխուց, որ տանենք մանկատուն: Չեմ կարողանում պահել, սակայն նա իմ խնամողն է, մեծ դժվարությամբ այսքան տարի պահելուց հետո ինչպե՞ս տամ մանկատուն»,- հուզվում է Վարդուհի տատը՝ ավելացնելով, որ երեխան ինքն էլ չի ուզում գնալ մանկատուն, բայց տեսնում է, որ տատը չի կարողանում պահել իրեն. աղջիկ երեխա է՝ կոշիկ է ուզում, «լաթիկ» է ուզում, տատը չի կարողանում գնել:
«Գործարանի տիրոջ սեփականությունն է. ճանաչելով՝ վարձ չի վերցնում, ոչ մի կողմից օգնություն չունեմ: Ջուրը, զուգարանը ընդհանուր ա, բաղնիք չկա, սենյակի մեջ պետք է լողանանք»,- ասաց Վարդուհի տատը:
Այս օրերին նա գնում է դաշտ, բանջար հավաքում և 200-300 դրամով վաճառում հարևաններին:
Հիմա միայն մի բանի մասին է մտածում… թոռնիկի ապագայի, քանի որ երկկողմանի ծնողազուրկ է ու տատից բացի՝ այլևս ոչ ոք չունի:











































