«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտավախություն ունի, որ Դիլիջանի միջազգային դպրոցին տրամադրվող հարկային արտոնությունները տարեցտարի կարող են ընդլայնվել, ինչի հետևանքով պետբյուջե մուտք գործող գումարները զգալիորեն կնվազեն: Նման տեսակետ նա հայտնեց այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
«Սա կասկածելի ծրագիր է: Եթե այն նախաձեռնողներն իրոք ազնիվ նպատակներ ունենային, մեզանից հարկային արտոնություններ չէին հայցի: Եթե սա իրապես լուրջ ծրագիր լիներ, ապա կարծում եմ՝ այն նախաձեռնողներին 20 միլիոնի հետադարձ տրամադրում չէր խոստացվի: Հաստատ է մեկ բան. կասկածելի գործարքի արդյունքում «քցված» գումարները պետք է վերադարձնեն ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ հենց «քցողները»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ գործ ունենք կոռուպցիոն գործընթացի հետ, որի հիմնական հեղինակը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում:
Փոստանջյանի խոսքերով՝ չկա ոչ մի երաշխիք, որ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցը հետագայում գործելու է որպես կրթօջախ. «Չի բացառվում, որ շենքը վաճառվի որպես բնակելի համալիր՝ մեր երկրում ապրող օտարերկրյա հարուստ մարդկանց: Այդ է պատճառը, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին»
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հակառակը, նկատեց, որ ծրագիրը հեռանկարային և շահավետ է: «Դպրոցի շինարարությամբ նոր աշխատատեղեր կհիմնվեն, ինչը զգալիորեն կնվազեցնի արտագաղթը Դիլիջանից: Այն գործարարները, ովքեր Հայաստանում ներդրումներ կկատարեն, ճիշտ կլինի, որպեսզի երաշխավորված լինեն վճարել միայն և միայն եկամտահարկ»,- նշեց պատգամավորը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն ուղիղ կապ ունի վերջերս ծագած օվշորային սկանդալի հետ: «Ռուբեն Վարդանյանն այս նախագիծը սկսելուց առաջ չէր կարող ուսումնասիրած չլինել հայաստանյան հարկային դաշտը: Եթե նա երաշխիքներ է ստացել, որ իրեն չեն «քցի», ապա սխալվում է»,- նշեց նա՝ հավելելով, որ երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ ինքը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին, ինչպես վարվել է նաև առաջին ընթերցման ժամանակ: «Միջազգային դպրոցի մասին օրենքի ընդունումն անթույլատրելի է, քանի որ դրանով ուրիշի բեռը դնում ենք Հայաստանի ուսերին, կանաչ լույս վառում«քցողների» առաջ»,- ասաց պատգամավորը։












































