Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ-երկրների ներքին գործերի մարմինների ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ ձեռք է բերվել ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգությանը սպառնացող նոր քրեական մարտահրավերներին համատեղ դիմակայելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին պայմանավորվածություն: Այս մասին ուրբաթ հաղորդվում է կազմակերպության կայքում:
«ՀԱՊԿ հավաքական անվտանգությանը սպառնացող քրեական մարտահրավերների թվում են ահաբեկչությունը, միջազգային հանցավորությունը, թմրահանցավորությունը, մարդկանց առևտուրը, զանգվածային անկարգությունները և այլ գործողություններ, որոնք ոտնձգություններ են թույլ տալիս իրավակարգի ու քաղաքացիների անվտանգության հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների միջև փոխգործակցության մեխանիզմների մշակման, հատուկ տեխնիկայի և միջոցների տրամադրման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Խաղաղարար ուժերի ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի բարձրացման հարցերում:









































