Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Սիրիայի թուրքմենների հետ:
Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում անցում կատարել «իրական քաղաքական գործընթացի»՝ ընդգծելով, որ Սիրիայի թուրքմենները «պետք է» մասնակցեն երկրի կառավարմանը:
«Նոր ժողովրդավարական Սիրիայում պետք է իրականացվի քաղաքական իրական անցում՝ հենված օրենքի գերակայության վրա, որի դեպքում մարդիկ կկարողանան ազատ կամարտահայտման հիման վրա ընտրել իրենց ղեկավարներին:
Մեր նպատակն է, որ մեր թուրքմեն եղբայրները, որոնք Սիրիայի անքակտելի մասն են, կարողանան իրենց խոսքն ասել երկրի կառավարման մեջ:
Թուրքիան Սիրիայից ու Իրաքից ընդունել է 3 միլիոն փախստականի, որոնցից մոտ 300.000-ը Սիրիայի թուրքմեններ են»,- գործակալությունը մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը:







































