Վրաստանի արդարադատության նախարարությանը կից Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հայտնաբերել է, որ 24 հազար քաղաքացիներ միաժամանակ այլ երկրների քաղաքացիներ են, սակայն այդ մասին չեն տեղեկացրել Վրաստանի իշխանություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վրացական օրենքների համաձայն՝ դա կարող է քաղաքացիությունից զրկելու հիմք դառնալ: Գործակալությունը դիմել է արտասահմանյան անձնագրերի տերերին՝ երկքաղաքացիության ստացման հայտի ներկայացման առաջարկով:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը կարող է բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն տրամադրել օտար երկրի քաղաքացուն՝ Վրաստանին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև այն դեպքում, երբ օտարերկրացուն Վրաստանի քաղաքացիություն տրամադրելը բխում է պետական շահերից:







































