Չնայած Վերահսկիչ պալատի աղաղակող բացահայտումներին ու պետական միջոցների փոշիացման դեմ մղվող պայքարին՝ այսօր ԱԺ-ում պարզվեց, որ անցյալ տարի կառավարության նախաձեռնությամբ դատախազություն է ուղարկվել երեք գործ: Մեկ գործով, ի դեպ, կալանավորվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, որը մեղադրվում է պետբյուջեից հատկացված դիզվառելիքի անհետացման մեջ: Նշենք, որ այս գործով մեղադրվում էր նաև Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մյուս երկու գործերն առնչվում են դպրոցաշինությանը և սոցիալական վճարների ոլորտին: Փոխվարչապետը հիշեցրեց նաև Գյումրու քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումները:
Չնայած բաց ու թափանիկ աշխատելու կառավարության հայտարարություններին՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր ԱԺ-ում համառորեն հրաժարվեց բացահայտել պետական գնումների կեղծ մրցույթներին մասնակցած կազմակերպություններին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Արմեն Գևորգյանին հարցրեց՝ կառավարությունը տեղյա՞կ է, թե ովքեր են գնումներ իրականացնող այն կազմակերպությունները, որոնք նախապես իմացել են, որ իրենք են տենդերը շահելու, և մրցույթը ձևական բնույթ է կրել: Փոխվարչապետն անպատասխան թողեց պատգամավորի հարցը: Պատգամավորի երկրորդ հարցը կրկին անպատասխան մնաց: Չի բացառվում, որ այդ ընկերություններն առնչություն են ունեցել պետական պաշտոնյաների հետ, և այդ պատճառով Արմեն Գևորգյանը շրջանցեց հարցը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած նիստից հետո տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Պետգնումների աջակցման կենտրոնի պետ Հակոբ Բեգլարյանը, ազատվեց աշխատանքից՝ այդպես էլ որևէ պատասխանատվություն չկրելով: Այժմ կենտրոնը ղեկավարում է նրա տեղակալն ու մտերիմը՝ Արա Գյուրջյանը:
Նշենք, որ բացի պետգնումների ոլորտում ՎՊ-ի և ֆիննախի բացահայտած չարաշահումներից՝ ՏՄՊՊ հանձնաժողովը չարաշահումներ էր բացահայտել մանկատներում և ծերանոցներում սննդամթերքի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռք բերման գործընթացի հետ կապված: Պարզվել էր, որ որոշ ընկերություններ՝ «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում այս 3 ընկերությունների կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները և կոնտակտային տվյալները: Առկա են նաև փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել էր, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում: Օրինակ՝ «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչև 40%-ով բարձր գին: Նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։
Այսօր, երբ ՀՀԿ գործարար պատգամավոր Ալիկ Պետրոսյանը փոխվարչապետին հարց ուղղեց, թե հնարավոր չէ՞ թույլ չտալ պետբյուջեից գողություն և բռնել գողի ձեռքը, Արմեն Գևորգյանը նման պատասխան տվեց․«Դժվար հարց եք տալիս, կարծում եմ՝ ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին։ Ամբողջ աշխարհում կան նման երևույթներ։ Իմ կարծիքով՝ պետական պատժիչ մեքենան պետք է լիարժեք աշխատի, որ նման քայլերը նվազագույնի հասցվեն»։
Ի դեպ՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նաև հայտարարեց, որ իրենք չեն կարող համաձայնել, թե կառավարության բյուջեի կատարման ընթացքում «լայնածավալ փոշիացում» է կատարվում, ինչի մասին մոտավորապես հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը զարմացած հայտարարել էր. «Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների հետ, այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկենք դատախազություն: Սրա վերջն ի՞նչ է լինելու, իրականում բյուջեն լափում են որոշ մարդիկ:
…Վարչապետը լուրջ քայլեր պիտի անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պիտի ունենա լուրջ հետևանքներ՝ կեղծիքներով, թալաններով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից»:
Ուշագրավ է նաև, որ երբ նախկինում ՎՊ-ն հանդես էր գալիս ԱԺ ծախսերի ուսմնասիրությամբ, կամ մամուլն էր գրում ԱԺ շրջագայությունների ու ծախսերի մասին, Հովիկ Աբրահամյանը նման ջանասիրությամբ չէր պաշտպանում պետական շահը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































