Սիրիայում հակամարտության կողմերից որևէ մեկին զենք տրամադրելը չի օգնի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ կապված այն հայտարարության հետ, որ ԱՄՆ-ը մտադիր է զինել Սիրիայի հակակառավարական ուժերին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Հակամարտության կողմերից որևէ մեկին զենք տրամադրելը չի օգնի կարգավորել ներկայիս իրավիճակը: Ռազմական լուծումն անընդունելի է: Այս խնդրի համար ընդունելի է միայն քաղաքական լուծումը»,- ասել է Պան Գի Մունը: Նա նաև շահագրգիռ կողմերին կոչ է արել օգնել իրականացնելու ռուս-ամերիկյան՝ Սիրիայի ընդդիմադիր և կառավարական ուժերի մասնակցությամբ միջազգային համաժողովի մտահղացումը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են զենք մատակարարել Սիրիայի գրոհայիններին: Նման քայլը Վաշինգտոնը բացատրել է նրանով, որ տիրապետում է տեղեկատվության, ըստ որի՝ կառավարական զորքերն ընդդիմության դեմ քիմիական զենք են կիրառել:
«Ես, իհարկե, կարդացել եմ ԱՄՆ-ի հայտարարությունը քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, սակայն ես չէի ցանկանա դրա առնչությամբ մեկնաբանություններ տալ»,- ասել է Պան Գի Մունը:











































