Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ամենախիստ միջոցները ձեռնարկել օրերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում արձանագրված վիրահատության դեպքի մեղավորների նկատմամբ. «Մեղավորներին ազատել աշխատանքից, իսկ բժշկական կենտրոնի տնօրենին հայտարարել գրավոր խիստ նկատողություն, հետագայում վերանայել պաշտոնավարման նպատակահարմարությունը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը` հանձնարարելով ստուգայցեր կատարել քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի 17 մշակույթի տներում, մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոններում: Արդյունքում պարզվել է, որ որոշ տեղերում նպատակային և արդյունավետ չեն օգտագործվում զբաղեցրած տարածքները, իսկ սուբսիդավորումը կատարվել է առանց հիմնավորումների` հաշվի չեն առնվել փաստացի աշակերտների և աշխատողների թիվը, զբաղեցրած տարածքը:
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները, քաղաքապետը հանձնարարել է կանոնակարգել դաշտը և հստակեցնել ոլորտի հետ կապված չափորոշիչները:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքների ամփոփիչ տվյալների համաձայն, հասարակական տրանսպորտի կանգառագոտում խախտում կատարողների թիվը կրճատվել է 16 %-ով, մեքենաների սանիտարական վիճակը բարելավվել է 40, իսկ վարորդների չսափրված երթուղի դուրս գալը նվազել է 30 %-ով:
Վերահսկողությունը խիստ և շարունակական է նաև շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ: Զեկուցվել է, որ 167 կառուցապատող քաղաքապետարանի կողմից արդեն զգուշացվել է:
Հանձնարարականի համաձայն զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններից տեղեկատվություն է տրամադրվել մոտ 900 բնակելի շենքերի վերնահարկերում կառուցված շինությունների վերաբերյալ: Հանձնարարվել է ստուգել և պարզել նշված շենքերի սեյսմակայունության վիճակը:
Հիշեցնելով, որ մայիսի 21-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված և իրականացվի բոլոր վարչական շրջաններում: