Հյուսիսային Կորեայի հարցով հունիսի 19-ին Վաշինգտոնում կսկսվեն եռակողմ բանակցություններ, որին կմասնակցեն Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Չո Տե Յոգն ԱՄՆ-ում կլինի երեքշաբթիից հինգշաբթի: ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչներ Գլին Դևիսի և Սինսուկե Սուգիյամայի հետ հանդիպումը կկայանա չորեքշաբթի:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Հյուսիսային Կորեային առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման արդյունքները՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրների միջև համագործակցության կարևորությունն ընդգծում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Զումվալտը, որն այցով գտնվում է Տոկիոյում:
«ԱՄՆ-ը շատ ամուր դիվանագիտական կապեր ունի և համագործակցում է անվտանգության ոլորտում (Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ-1in.am), և մենք կցանկանայինք շարունակել աշխատանքը՝ հետագայում նույնպես անվտանգության ոլորտում մեր գործընկերությունը ամրապնդելու համար, որն ուղղված է Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղության ու կայունության աջակցմանը»,-ասել է նա:












































