Այսօր Սիրիայի զորքերը ընդդիմադիրների դեմ գործողություն են իրականացնում Հալեպ քաղաքի հյուսիսային և արևելյան մասերում: Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, բնակչությունն օգնություն է ցուցաբերում զինվորականներին և նրանց արժեքավոր տեղեկություններ տրամադրում զինված խմբավորումների գտնվելու վայրի վերաբերյալ:
Այդ տվյալների շնորհիվ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների՝ Թուրքիային սահմանակից բազաների վրա՝ Սարմիդ բնակավայրի և Բաբ Ալ-Հավա հսկիչ անցակետի մոտակայքում: Արդյունքում ոչնչացվել է 50 վարձկան ահաբեկիչ: Հաղորդվում է, որ նրանց թվում կան նաև չեչեններ: Սիրիայի օդուժը հարվածել է նաև Դեր-Իզա շրջանին, որը տեղակայված է Հալեպի մոտակայքում:
Ինչպես հաղորդում է «Սուրիյա Ալ-Ան» տեղեկատվական գործակալությունը, սիրիացի զինծառայողներն այսօր առավոտյան գրավել են Հալեպից արևմուտք գտնվող Քֆար-Համրա բարձունքը և մոտեցել գրոհայինների հենակետերից մեկին՝ Անադան քաղաքին:
Հաղորդվում է նաև, որ Հալեպի արևելքում սպանվել և վիրավորվել է շուրջ 120 գրոհային: Հալեպի հարավում՝ Սամիյա շրջանում, ոչնչացվել է «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորման վերջին հենակետը: Սիրիայի բանակը հայտարարել է այս տեղամասում Համա-Հալեպ մայրուղու երկայնքով տեղակայված բնակավայրերի ազատագրման մասին:








































