ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է երկրում ներգաղթյալների իրավունքների համար պայքարել պաշտոնից հեռանալուց հետո ևս: Նա հույս ունի, որ երկրի կոնգրեսի հաջորդ կազմը կընդունի միգրացիոն բարեփոխումը, որը չի հաջողվում անցկացնել Սպիտակ տան ներկայիս վարչակազմին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի Սպիտակ տանը Սինկո դե Մայո տոնի (այն ԱՄՆ-ում լայնորեն նշում են լատինաամերիկացիները) առթիվ ընդունելության ժամանակ Օբաման նշել է, որ վերջին տարիներին երկրում հաջողվել է շատ բան անել լատինաամերիկացի բնակչության կենսամակարդակի բարձրացման համար, որը մեծամասնություն է կազմում ներգաղթյալների շրջանում:
«Կարող եմ ձեզ ասել, որ ես կշարունակեմ այդ ուղղությամբ աշխատել ոչ որպես նախագահ, այլ որպես քաղաքացի, երբ հեռանամ (պաշտոնից), քանի որ կարծում եմ՝ դա ամենակարևոր բաներից մեկն է, որը մենք կարող էինք անել»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը տարիներ շարունակ փորձում է հասնել միգրացիոն բարեփոխման, որը կօգներ երկրում պահել մինչև 12 մլն անօրինական ներգաղթյալների, բայց պայմանով, որ նրանք հարկեր վճարեն, հետևեն օրենքներին, անգլերեն սովորեն, օրինականացման բազմամյա գործընթաց անցնեն: Ընդդիմադիր հանրապետականների կողմից վերահսկվող կոնգրեսը հրաժարվել է աջակցել բարեփոխմանը: ԱՄՆ Գերագույն դատարանը նույնպես չի կարողացել որոշում ընդունել այդ հարցով:








































