Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփն աջակցել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գաղափարին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ավելի լավը կլինի, եթե լքի ԵՄ-ն։
Նա պարզաբանել է, որ դա իր անձնական կարծիքն է, և որ ինքը չի ցանկանում ինչ-որ խորհուրդ տալ կամ ինչ-որ կերպ ճնշել բրիտանացիներին։
Թրամփը կարծում է, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը հիմնականում կապված է ԵՄ գործողությունների հետ։ Հենց այդ խնդրի պատճառով էլ Մեծ Բրիտանիան ավելի լավ է՝ դուրս գա միությունից։
Թրամփն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԵՄ-ից դուրս չգալու վերաբերյալ բրիտանացիներին ուղղված կոչի համար։
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում պետք է անցկացվի հանրաքվե, որի ժամանակ բրիտանացիները պետք է որոշեն՝ մնալ ԵՄ կազմո՞ւմ, թե՞ լքել միությունը։







































