Airbus ընկերությունը ֆրանսիացի և ճապոնացի գիտնականների հետ աշխատում է ռոբոտ-հումանոիդների ստեղծման վրա, որոնք կկարողանան մարդկանց հետ համատեղ աշխատել կոնվեյերների գծերի վրա և ինքնաթիռների ներսում: Այս մասին գրում է Financial Times-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ ավիաշինարարական ընկերությունը Տոկիոյում բազայով Joint Robotics Laboratory լաբորատորիայի հետ համատեղ աջակցել են արտադրական բարդ առաջադրանքներ կատարելու ունակ մարդանման ռոբոտի մշակման հետազոտական նախագծին: Նոր տեխնոլոգիայի մշակմանը հատկացված է 4 տարի: Ընկերությունը հույս ունի սկսել ռոբոտներն իր գործարաններում օգտագործել արդեն 10-15 տարի անց:
Նշվում է, որ նոր ռոբոտները կլինեն ավելի թեթև և ճկուն արդեն գոյություն ունեցող մոդելների համեմատ:
Ընկերությունը նշում է, որ մեքենաները չեն փոխարինի աշխատակիցներին, այլ կօգնեն ամենաբարդ և ֆիզիկապես դժվար առաջադրանքների կատարման գործում:











































