ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտություններ» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են:
Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունն ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս ուղղությամբ: Այս խնդիրը առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի նախագահությունը: Իմ համոզումով, ինչը ներկայացվեց նաև այս լսումների ժամանակ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները: Առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով պետք է ԵԽ-ն լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Սա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:
Երկրորդ, անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունը այդ քննարկումներին: Այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:
Երրորդ, ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը հատկապես կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի և ստանդարտների չկիրառմանը: Վերջապես, լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գոծընթացին կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին վերահաստատել 1994թ. զինադադարի Բիշքեքյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր: Հուսով եմ, Հայաստանը կօտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ն մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»:






































