Ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավոր բան, որպեսզի Թուրքիայի հետ տարաձայնությունները լուծի բանակցային սեղանի շուրջ, սակայն ամեն ինչ հենված է Թուրքիայի ներկայիս ղեկավարության դիրքորոշման վրա:
«Դժբախտաբար, ամեն ինչ հենված է Թուրքիայի ներկայիս ղեկավարության վրա: Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը:
Համենայնդեպս, նրա ժամանակակից քաղաքականության բոլոր բաղադրիչները տեղավորվում են հենց այդ պատկերում: Մենք բոլորս գիտենք, թե ինչպես ավարտվեց Օսմանյան կայսրությունը:
Մենք շատ բան ենք հանդուրժել: Մենք հիանալի իմացել ենք այն քաղաքականության մասին, որն իրականացնում է թուրքական ղեկավարությունը, այդ թվում նաև Ղրիմի ու սիրիական կարգավորման համատեքստում: Մենք արել ենք ամեն հնարավոր բան, որպեսզի Թուրքիայի հետ տարաձայնությունները կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ, որպեսզի գտնվեն ինչ-ինչ հանգուցալուծումներ, փոխզիջումային ինչ-ինչ որոշումներ:
Սակայն մենք ամենուրեք բախվում ենք թուրքական ղեկավարության բացարձակ ապակառուցողական դերին՝ Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություն և այլն»,- ասել է Զախարովան:











































