Թուրքագիտական ժողովում հնչել է Ցեղասպանության մասին մեկ զեկույց: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը և Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մումջյանը խոսեցին Յութայի համալսարանի կազմակերպած թուրքագիտական 4-րդ գիտաժողովի և հայերին առնչվող թեմայի մասին, քանի որ այդ գիտաժողովին մասնակցելու համար սփյուռքի մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով գիտաժողովին, այդ երկու հայ ներկայացուցիչներին անվանել էին դավաճաններ:
Արա Պապյանը տեղեկացրեց, որ հունիսի 5-8-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ ԱՄՆ Յութայի համալսարանի կողմից կազմակերպված թուրքագիտական չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին շուրջ 80 գիտնականներ՝ մոտ 15 երկրներից: Ըստ նրա` տարբեր հարցերի շուրջ հնչել է շուրջ 71 զեկույց:
«Հայաստանից ես էի, պարոն Մումջյանը` Կալիֆոռնիայից: Այդ գիտաժողովի մասին մամուլում թյուր տեղեկություններ էին շրջանառվում: Հստակեցնեմ, որ սա հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գիտաժողով չէր, ու Հայաստանին առնչվող հարցերը գիտաժողովի հիմնական թեման չէին: Գիտաժողովի զեկույցներից միայն մեկն էր Հայոց ցեղասպանությանը վերաբերում, իսկ երկուսից-երեքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը:
Այն մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում, թե հայ գիտնականները չպետք է մասնակցեին, սխալ է: Նրանց հիմնավորումները հիմնականում երկուսն էին: Դրանցից առաջինն այն էր, որ Լյութայի համալսարանի այն պրոֆեսորը, ով կազմակերպել է գիտաժողովը, չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Բայց որևէ գիտաժողովի մասնակցությունը չի պարտադրում, որ պետք է մյուս մասնակիցները կիսեն մյուսների կարծիքը, պրոֆեսորը ելույթ չի էլ ունեցել:
Երկրորդ փաստարկը հետևյալն է, թե՝ գիտաժողովը հիմնականում ֆինանսավորվում էր թուրքական կազմակերպությունների կողմից: Ուզում եմ հարց ուղղել` իսկ ո՞ւմ կողմից պետք է ֆինանսավորվեր: Հայագիտական գիտաժողովները ՀՀ կառավարության և ՀՀ-ի կողմից են ֆինանսավորվում, քանի որ յուրաքանչյուր երկիր շահագրգռված է իր տեսակետը ներկայացնելու բոլորին: Իսկ գիտաժողովին ՀՀ-ի մասնակցությունը հնարավորություն էր տալիս հայկական տեսակետը ներկայացնելու»,- պարզաբանեց Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ գիտաժողովին հնչած իր ելույթում նա խոսել է ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որովհետև ճանաչման հարցը չի համարում ամենակարևորը, այլ խոսել է ՀՀ տարածքային իրավունքների մասին: Նրա գնահատմամբ` ՀՀ նորագույն պատմության մեջ հստակ հիմնավորում հնչեց, որ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համար, և որ Թուրքիան օկուպանտ է:
Բանախոսը նաև նշեց, որ գիտաժողովի մասնակիցներին է բաժանել վճռի ամբողջական տեքստը, որը շատերին է հետաքրքրել և նրանց կմղի ուսումնասիրել դա: Արա Պապյանը նաև ասաց, որ որևէ մեկը մասնակցության համար հոնորար չի ստացել գիտաժողովի կազմակերպիչների կողմից:
«Ադրբեջանից ներկա էր յոթ մասնակից, որոնք ասում էին իրենց ասելիքը: Ոչ հայանպաստ զեկույցներ կային, կային նաև զուտ պրոպագանդիստական զեկույցներ: Մի օրիորդ խոսում էր ադրբեջանական ցեղասպանության մասին. անհեթեթություն էր, որին հակադարձեցին նաև թուրք մասնակիցները»,- ասաց Արա Պապյանը:
Կարապետ Մումջյանը հաստատեց այն, ինչ ասաց Արա Պապյանը, ապա անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին` ասաց, որ կոնգրեսներից դուրս գալու ժամանակը եկել է, և պետք է դժվարին կացության մեջ գցենք թուրքական կառավարությանը, քանի որ ոչինչ չենք արել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի կորցրած գույքը վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նրա` պետք է իրավական ճանապարհով գնալ, իրավական հիմքերով ապացուցել գույքի պատկանելությունը:








































