«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, մասոնական օթյակի անդամ, Հայաստանի ազգայնական կուսակցության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:
– Պարոն Գևորգյանց, վերջին զարգացումները՝ կապված Գորիսի դեպքերի, բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հետ, կարծես ապացուցում են, որ հոգեվարքի մեջ է հասարակությունը: Ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում:
– Ինքս դեմոկրատիային խիստ դեմ եմ, քանի որ լիբերալիզմը և դեմոկրատիան ինչքան այլանդակ բան կա՝ սկսած միասեռականներից, բերում են իրենց հետ: Երբ ամեն ինչի վրա աչք ես փակում կամ փորձում հանդուրժող լինել, միայն վատ բանի է բերում, դրա համար ես կողմնակից եմ դիկտատուրայի, բայց օրենքի դիկտատուրայի: Բոլորը՝ նախարար, թե պարզ գյուղացի, պետք է իմանան, որ բոլորի համար օրենքը միակն է:
Աշխարհը պայթելու է երկու պարագայում. մեկը՝ գեյերի պատճառով, մյուսը՝ իսլամի: Սրանք են երկու ամենասարսափելի զարգացումները: Ես դեմ չեմ գեյերին, ամեն մարդ իր հետույքի տերն է, դա իր խնդիրն է, բայց երբ դա պրոպագանդվում է, վերածվում շոուի, սա անընդունելի է: Ինչո՞ւ են շքերթներ անում… իրենք ուզում են, որ հասարակությունը գնա այդ ուղիով:
– Դուք ժողովրդավարական արժեքները միայն ա՞յս դիտանկյունից եք դիտարկում, չե՞ք տեսնում, որ մարդիկ հավասար իրավունքներ ունեն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում:
– Ժողովրդավարական արժեքները շատ են, և Եվրոպան պետք է մեզ օրինակ ծառայի մի շարք պարագաներում, բայց հիմա սա է գերադասվում: Դժբախտաբար, մենք վատ բաներն ենք քաղում, մինչդեռ պետք է լավը քաղենք: Ես կողմ եմ եվրոպական արժեքներին, ինքս դաստիարակված եմ եվրոպական արժեքներով, բայց կան հարցեր, որ չի կարելի հանդուրժել: Դրա համար Նժդեհ կարդացեք: Մեր ժողովրդին մոտ բաներ չեն դրանք, մենք առանց այդ էլ գտնվում ենք շատ բարդ վիճակում և բարդ օղակում: Դուք հաշվի չեք առնում, որ մենք ո՛չ Ֆինլանդիայում, ո՛չ էլ Հունգարիայում ենք ապրում: Մենք սարսափելի շրջապատի մեջ ենք ապրում, մեզ միայն գեյերն էին պակաս, որ այստեղ ամուսնանային, իսկ այն, որ մենք պետք է կոպիտ չլինենք, հանդուրժողական լինենք, դա ուրիշ հարց է: Ի վերջո՝ մեկը մյուսին պետք է բարևի, հանճարեղ բան է դա (իհարկե, վերջերս մի փոքր արժեզրկվեց), բարևը լավ բան է, բարևել՝ նշանակում է ձեռք մեկնել: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ ժողովուրդը հոգեվարքի մեջ է, հոգեվարքի մեջ են Հունաստանը, Իսպանիան, Լատվիան, Լիտվան: Լատվիայում, Լիտվայում մի տղամարդ չի մնացել, բոլորը թողել-գնացել են, իսկ Վրաստանից ու Ադրբեջանից ավելի շատ մարդ է գնում, քան Հայաստանից: Բոլորը գնում են ամեն տեղից:
– Տպավորություն է, որ արդարացնում եք մեր երկրում արտագաղթը, խրախուսում:
– Չեմ խրախուսում, սա պարզ երևույթ է: Եթե Մեծ Բրիտանիայից հազարավոր մարդիկ թողնում-գնում են, դա ի՞նչ է նշանակում… Իսկ հայերի մոտ դա բնավորություն է: 13-րդ դարում, օրինակ, 700.000 հայից 150.000 հայ թողեցին գնացին դեպի հյուսիս՝ Ուկրաինայից վերև: Ինչո՞ւ են գնացել…
– Կարծես մեզ վրայից գցում ենք լավ երկիր ունենալու պատասխանատվությունը, երբ ասում ենք՝ բնավորություն է:
-Պատճառն այն է, որ հային այս երկիրը փոքր է, ինքը ուզում է գնալ երկրներ նվաճել, կառուցել, և, դժբախտաբար, ուրիշ ազգի համար ինքը ուզում է անընդհատ աշխատել, և քանի որ այստեղ աշխատանքը քիչ է և չկա, պարզ է, որ ինքը ուզում է գնալ: Պատմաբանները ինձ ասում են, որ 13-րդ դարում հայերը գնացին, որովհետև սելջուկները հարձակվել էին Հայաստանի վրա, բայց այդ նույն սելջուկները հարձակվել էին նաև Վրաստանի վրա, սակայն ոչ ոք չգնաց Վրաստանից, իսկ կարկուտից հետո 42 ընտանիք գնացին… Է, գնում եք՝ գնացեք, դա ի՞նչ բան է: Եթե կարկուտը խփելու համար պետք է թողնես գնաս երկրից, ուրեմն գնա…
– Ինչպե՞ս գյուղացին մարի վարկերը, երբ բերք էլ չի լինելու:
– Ինչպես ուզում է՝ թող փակի… Կառավարությունը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, մարդիկ վարկ են վերցրել, թող մեկ տարով սառեցնի: Կարծում եմ՝ գյուղացուն պետք է անընդհատ աջակցել, որովհետև, դժբախտաբար, մենք դարձել ենք գյուղատնտեսական երկիր, թեև շատ հզոր երկիր էինք, հիմա դարձել ենք գյուղատնտեսական, իսկ գյուղատնտեսին հարկավոր է աջակցել: Ես չեմ կարող ասել, որ պետությունը չի աջակցում, աջակցում է:
– Այո, արևածաղկի սերմացու տվեց, որը գյուղացուն բացարձակ պետք չէ:
– Կարող է դա էլ չտա, իսկ ուրիշ երկրներում ո՞վ է տալիս, բայց քանի որ մենք նոր ենք սկսում այս ամենը, իհարկե՝ պետք է աջակցենք, հենց այն գլխից էր սխալ հողի բաժանումը, մեկը հող ունեցավ, մյուսը՝ ջուր, ջուր ունեցողը սկսեց մյուսներին ճնշել:
– Պարոն Գևորգյանց, կա արժեքների անկում, անհավատություն, անվստահություն, քամահրանք Աստծո արժեքների նկատմամբ, մինչդեռ այն պետք է կարևոր մոտիվացիա լիներ: Ինչո՞ւ:
– Որովհետև մենք լավ չենք աշխատում մեր ժողովրդի հետ, մենք ճիշտ ինֆորմացիա չենք տալիս, մենք չենք բացատրում, որ չի կարելի ծխախոտի տուփը մեքենայից շպրտել փողոցում, որովհետև սա քո տունն է, չենք բացատրել, որ չի կարելի արևածաղիկ կեղևազրկել, թափել, նշանակում է՝ չենք աշխատում, իսկ եթե աշխատենք, այդպիսի բան չի լինի: Երբ ասացին, որ ամրագոտիները պետք է գցենք՝ գցում են, ուրեմն պետք է աշխատենք, դաստիարակենք: Մենք հոյակապ երիտասարդություն ունենք, ուղղակի անգրագետ են, սպիտակ պատ է, և քեզնից է կախված, թե դու ինչ ես գրելու սպիտակ պատի վրա, եթե դու բարեկիրթ և զարգացած մարդ ես:
– Եթե չեմ սխալվում, Դուք մասոն եք, վերջին շրջանում մասոնականության թեման սկսեց ակտուալ դառնալ: Ինչո՞ւ:
– Հենց ցարական Ռուսաստանը տնտեսական ծանր վիճակի մեջ էր ընկնում, միանգամից ուզում էին մեղավոր գտնել: Այն ժամանակ շատ հեշտ էր՝ կա՛մ հրեաներն էին մեղավոր, կա՛մ մասոնները: Ի դեպ, ասեմ, որ մասոնները և հրեաները իրար հետ որևէ կապ չունեն: Մինչև 1914 թվականը ոչ մի հրեա իրավունք չուներ մտնել մասոնական կազմակերպություն: Մասոնական կազմակերպությունն աշխարհի ամենահզոր կազմակերպությունն է, որովհետև դա ո՛չ կուսակցություն է, ո՛չ սպորտ, դա շատ խորը և շատ հետաքրքիր փիլիսոփայություն է: Նախևառաջ դու չես կարող մասոն լինել, եթե հավատացյալ չես: Դա առաջին պայմանն է, դու պետք է հավատացյալ լինես, հավատաս Աստծուն, երկրորդ՝ դու ամեն ինչ պետք է անես, որ քո երկիրը բարգավաճի: Եթե որևէ բան կա, որ խանգարում է դրան, դու կարող ես չենթարկվել և չանել:
– Կոսմոպոլիտ լինելն ու ազգայնականությունը ինչպե՞ս եք համատեղում:
– Սա ամենակարևոր բանն է: Այսօր Եվրոպայի նախագահների 80 տոկոսը մասոններ են: Լեոնարդո դա Վինչին, Մոցարտը, Կուտուզովը, Միքայել Նալբանդյանը, Գարիբալդին՝ բոլորը մասոններ էին: Ես ազգայնական կուսակցության նախագահն եմ, բայց մասոնները կոսմոպոլիտ չեն, իրենք կենտրոնական են, իրենք ոչ աջ են, ոչ ձախ: Ջուզեպպե Գարիբալդին, որը Իտալիայի ազատագրական շարժման առաջնորդն էր, եղել է ամենամեծ աստիճանի մասոն: Այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Մասոնները շատ զարգացած, հումանիստ մարդիկ են, և այստեղ մասոնական կազմակերպություններն այնքան օգնություն են ցուցաբերում տարբեր ոլորտների, նաև՝ ուսանողներին, բայց դա նշանակություն չունի, քանի որ մենք գիտենք գող ավազակ օլիգարխների, որոնք իրենք էլ են օգնություն տալիս:
Ինչո՞ւ են մասոններից վախենում, եթե վախենում են, շատ լավ է: Սա գալիս է տգիտությունից, քանի որ չգիտեն՝ ինչ է: Բոլոր դեկաբրիստները մասոններ էին, մասոններն ընդհանրապես պրոգրեսի զինվորներ են, որոնք բարոյական պետք է լինեն: Եթե մենք իմանում ենք, որ մեր անդամներից մեկը որևէ անբարոյական քայլ է արել, հեռացնում ենք: Ասեմ, որ մեզ մոտ ուզում էին ընդունվել մեր մի քանի տասնյակ օլիգարխներ, բայց ոչ ոք չընդունվեց, քանի որ նրանց կուտակած գումարը և շարժուձևն անբարոյական է, բիզնես ունես, խնդրեմ, բայց նայած դու ինչի վրա ես բիզնես արել:
– Ասում են՝ Հայաստանում շուրջ 70 մասոն կա:
– Չէ, շատ կա, անշուշտ, տարբեր ոլորտներում: Բոլոր երկրներում կան իրենց կառուցած տաճարները, Լոս Անջելսում կամ Նյու Յորքում հստակ գրված է տաճարի վրա, որովհետև ժողովուդը այնտեղ նորմալ է վերաբերվում, այստեղ նման բան լինի, կսկսեն տարբեր բաներ անել: Ինչքան շատ մասոն լինեն հայերը, այնքան մեր երկրին օգուտ է, քանի որ մասոն լինելը ամբողջ ԱՊՀ-ով թույլատրված էր երկու երկրի՝ Ռուսաստանին և Հայաստանին:
– Խաչիկ Ստամբոլցյանը ասում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը նույնպես մասոն են:
– Ոչ մի մասոն իրավունք չունի ասելու մյուսի մասին՝ մասոն է, թե ոչ, բայց կարող է հերքել: Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի մասոնության հետ և ոչ էլ Աշոտ Մանուչարյանը, դա կարող եմ հստակ ասել: Լևոնին ուզում էին դա իբր բացասական բան կպցնել: Ես հպարտ եմ, որ մասոն եմ, և յուրաքանչյուր մարդ պետք է հպարտ լինի, որ մասոնի հետ ընկերություն է անում:
Դժբախտաբար, հայ ժողովրդի պատմության մեջ քիչ մասոններ կային, բայց կային, շատ հայտնի մասոններ, պատմական դեմքեր կային, որոնք շատ բաներ են արել Հայաստանի համար: Այստեղ շատերն են մասոն դառնալու հայտ ներկայացնում: Իրենց թվում է՝ եթե դարձան մասոն, ԱՄՆ գնալու վիզա հեշտ կստանան: Մասոն դառնալու համար պետք է ունենալ մաքուր հոգի, ճիշտ ազգային տրամաբանություն:
Իսկ Ստամբոլցյան Խաչիկը մի մարդ է, ով տգետ է, նա հացադուլ հայտարարեց շարժման ժամանակ, բայց նրան գիշերը Կոնսերվատորիայում բերում ուտեցնում էին, հո լավ եմ հիշում: Դա այն մարդը չէ՞, որ օպերայի հրապարակում կանգնած հայտարարում էր՝ ի՞նչ է տվել մեզ «Նաիրիտը»՝ մի ռոճիկ ու մի բնակարան, հենց հիմա գնում ենք քանդենք «Նաիրիտը» ու ծիրանի ծառ տնկում, տնկեցի՞ն ծառերը… բայց «Նաիրիտը» քանդեցին, չէ՞: Հիմա ո՞վ է ազգի թշնամին, բայց այս ամենից հետո ինքը ազգային կենտրոնի մի ամբողջ հարկի տեր դարձավ, երկրորդ հարկը իր սեփականությունն է ամբողջությամբ, մինչդեռ ես նման սեփականություն չունեմ: Նրա նման մարդիկ տզրուկներ են ազգի մարմնի վրա:
Աշխարհում որևէ հաստատուն բան չի եղել՝ բացի մասոնությունից, քանի որ մասոնությունը ինչպես եղել է հազար տարի առաջ, այդպես էլ հիմա է, չափանիշները չեն փոխվել: 60-ականներին կոռուպցիան մտավ մասոնականության մեջ Իտալիայում, այն ջարդեցին, բայց նույնը մնացին մասոնները, քանի որ անկաշառ կազմակերպություն է, որովհետև ոչ մի կոնկրետ նպատակի չի ձգտում, չի ձգտում տիրանալ գործարանների և միայն տալիս է: Սա է, դրա համար ես շատ հարգում եմ մասոններին և որոշ ազգայնականների:








































