Ադրբեջանում հայտարարել են Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է REGNUM-ը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
«Եթե Հայաստանը մեզ դիմի՝ խնդրելով օգնություն ցուցաբերել գազի հարցում, մենք, անկասկած, կօգնենք»,- նշել է նա:
Ադրբեջանի նախագահի վարչակազմն իր հերթին ընդգծել է, որ գազի դիմաց Հայաստանը որոշակի պայմաններ պետք է կատարի:
«Օգնությունը կարող է ցուցաբերվել միայն որոշակի պայմաններում: Մեզ դիմելը կնշանակի՝ հայերը խոստովանում են, որ նման օգնության կարիք ունեն, ինչը կարող է հրահրել նրանց որոշակի կառուցողականության… Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- մեջբերում է 1news.az-ը գերատեսչության ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովի խոսքերը:
Նա չի հստակեցրել, թե ինչ պայմանների մասին է խոսքը:
Նշենք, որ Բաքվի հայտարարությունն արվել է Հայաստանում գազի գնի բարձրացման ֆոնին, որը հանրապետություն է մատակարարվում Ռուսաստանից: Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է բնակչության համար գազի նոր սակագինը` 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ նախկին 132 դրամի փոխարեն: Սահմանին գազի սակագինը, համաձայն «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտի, լինելու է 270 դոլար, որի 30%-ը սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա մոտ 18%-ով:












































