Թուրքիայի քաղաքներից շատերում վերջին օրերը հանգիստ են անցել. ցուցարարները շարունակում են մնալ փողոցներում, սակայն խաղաղ են պահում իրենց: Նրանք վրանային ճամբարներ են կառուցել, գրքեր են ընթերցում, համերգներ են կազմակերպում:
«Այստեղ մեզ անվճար ուտելիք են բաժանում, մարդիկ իրենք են բերում տներից: Զուգարաններ են դրել: Մենք հավաքում ենք աղբը: Մենք չենք պատրաստվում հեռանալ, քանի դեռ կառավարությունը չի լսել մեր պահանջները»,- RIA Novosti-ին հայտարարել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցուցարարներից մեկը:
Իզմիրում բողոքի ցույցերը ևս խաղաղ բնույթ են կրում: Քաղաքի կենտրոնում, որտեղ ոստիկանությունը դաժանորեն ճնշում էր բողոքի ակցիան ջրցանների և արցունքաբեր գազի միջոցով, մի քանի օր է տոնի մթնոլորտ է: Այստեղ ևս ամեն օր համերգներ են կազմակերպվում:
Անկարան նույնպես անցել է խաղաղ ցույցերի:
«Մենք բոլորս սպասում էինք, որ Էրդողանը վերադառնալով Աֆրիկայից, ճիշտ հայտարարություն կանի, կլսի մեզ: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, և մենք կշարունակենք բողոքել»,- ասել է ցուցարարներից մեկը:










































