Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը երեկ դարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար: Սյունիքի մարզպետարանում նրան ներկայացնելիս տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է. «Ես պետք է ներկայացնեմ այսօր արդեն նշանակված պաշտոնակատար Դոլունցին, ով կկատարի մարզպետի պարտականությունները, մինչև սահմանված կարգով Սյունիքի մարզպետի նշանակումը»: Կարելի է նկատել, որ ի սկզբանե Տերտերյանը բացառել է Արա Դոլունցի նշանակումը մարզպետի պաշտոնում` նշելով, որ Դոլունցը պաշտոնակատար է նշանակվում մինչ Սյունիքի մարզպետի նշանակումը:
Չնայած ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում Սերժ Սարգսյանը չի անդրադարձել մարզպետի թեկնածուներին, այլ միայն ներկայացվել է կատարվածը և գնահատականներ են հնչել, իշխանական շրջանակներում արդեն մտածում են, թե ով կարող է լինել Սյունիքի մարզպետը Սուրեն Խաչատրյանից հետո և շրջանառվում են անուններ:
Ի դեպ, պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցի անունը ևս շրջանառվում էր: Որոշ չճշտված տեղեկություններով` նրա պաշտոնավարմանը կողմ է նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քանի որ հույս ունի Գորիսի արյունալի դեպքերի նախաքննության ավարտից հետո իրոք վերադառնալ մարզպետի պաշտոնին: Սա թերևս այն դեպքում, երբ կատարվածը կներկայացվի որպես ինքնապաշտպանություն: Բացի դա` նախկին տեղակալի վրա ազդեցություն ունենալն ավելի հեշտ է, թեև Դոլունցի մասին ասում են, որ նա արագ է մոռանում նախկին ղեկավարներին: Սուրեն Խաչատրյանի վերադարձը գոնե այս պահին դժվար է պատկերացնել, գրեթե անհնար, սակայն որևէ բան բացառել պետք չէ: Մեզ հասած տեղեկություններով` Սուրեն Խաչատրյանը մինչև վերջ համոզված է եղել, որ պաշտոնանկ չի արվելու, ուստի հրաժարականի դիմում չի գրել: Ավելին` որոշ տեղեկություններով` պաշտոնանկության նախորդ օրը տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպել է նրա հետ, և արդյունքում Սուրեն Խաչատրյանը համոզված է եղել, որ մնալու է պաշտոնում: Հաջորդ օրը, սակայն, Սերժ Սարգսյանը հրահանգել է պաշտոնանկ անել Խաչատրյանին` սեփական դիմումի համաձայն:
Մարզպետացուների շարքում շրջանառվում է տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի անունը, ով ծագումով գորիսեցի է, մարզպետի թեկնածու է համարվում նաև Սերժ Սարգսյանի համագյուղացի և հեռավոր բարեկամ Վարդան Ավետիսյանը, որը հիմա համակարգում է ՊՆ լրատվական բաժինը, Հայոց արծիվ Խաչիկ Ասրյանը տևական ժամանակ երազում է Սյունիքի մարզպետ դառնալ, շրջանառվում է նաև երիտասարդության և սպորտի մյուս փոխնախարար Արսեն Քարամյանի անունը:
Այս անունները, սակայն, գոնե առայժմ ոչինչ չեն ասում. թե ով կլինի Սյունիքի մարզպետը` դժվար է կանխատեսել: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը չի շտապելու մարզպետ նշանակելու հարցում. իշխանությունը սպասելու է մինչև Գորիսի արյունալի միջադեպի շուրջ կրքերը հանդարտվեն, և հանրությանը ներկայացվի այն թեկնածուն, ով կարող է և նորմալ մարզպետ աշխատել, և ՀՀԿ-ի համար Սյունիքում շատ ձայն ապահովել:
Իսկ երեկ Սյունիքում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը Սուրեն Խաչատրյանի ներկայությանը սովոր մարզպետարանի աշխատակիցներին հորդորել է շարունակել բնականոն աշխատանքը: «Մենք մեր բնականոն աշխատանքը պիտի շարունակենք: Մեր աշխատակազմը մեզ այդ հնարավորություններն ընձեռնում է, և պարոն Դոլունցի վրա Սյունիքի մարզպետի պարտականությունները դնելով` մենք ամբողջական կառավարման կառուցվածքը մարզպետարանում կունենանք: Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ, ինչպես մինչ այժմ աշխատել ենք, շարունակենք աշխատել, որովհետև կարևոր էտապ ենք անցնում: Նկատի ունեմ հատկապես այն, որ կիսամյակ ենք թևակոխում, և այս ամսվա ու հաջորդ ամսվա ցուցանիշներից մեծապես կախված կլինեն նաև մեր տարեկան արդյունքները»,- ասել է Տերտերյանը` շարունակելով. «Ես ուզում եմ հատկապես նշել մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ ուշադրության անհրաժեշտությունը: Խոսքը անպայման պիտի վերաբերի հրատապ ծրագրերին` և պարարտանյութի, և վառելիքի, և սերմացուի հետ կապված գործընթացներին: Կոչ եմ անում էլ ավելի պատասխանատվությամբ, էլ ավելի շարունակել աշխատանքները, որ իրենց բնականոն ընթացքից չշեղվեն»:











































