Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթն այն մասին, որ կառավարությունը մտադիր է շարունակել Թաքսիմի հրապարակի վերափոխումը, ավելի է ամրապնդել մինչև վերջ պայքարելու ցուցարարների վճռականությունը: Իսկ Գեզիի այգում, որը դարձել է հակակառավարական ելույթների խորհրդանիշ, մարդիկ չեն բացառում, որ ոստիկանությունը կփորձի իրենց ուժով ցրել:
Նման կանխատեսումների պատճառ է դարձել արդեն մեկ շաբաթից ավել շարունակվող անկայուն իրավիճակը, ինչպես նաև ուրբաթ օրը Ստամբուլի անվտանգության վարչության խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են ստեղծված իրավիճակի կարգավորման հեռանկարները: Խորհրդակցության արդյունքում համաձայնության են եկել «ուժ չկիրառել մինչև երկուշաբթի», գրում է «Ռադիկալ» թերթը: Իսկ Էրդողանը, չնայած որ ցուցարարների պահանջները լսելու պատրաստակամություն է հայտնել, ասել է, որ իշխանությունները, միևնույն է, Թաքսիմից կտեղափոխեն Աթաթուրքի կենտրոնը՝ դրա փոխարեն կառուցելով Օպերայի շենքը: Կենտրոնը տեղափոխելուց հրաժարվելը ևս ցուցարարների պահանջների ցուցակում է:
Նշենք, որ Գեզիի այգում տեղակայված է մոտ 200 վրան, հարյուրավոր մարդիկ փաստորեն այնտեղ են բնակվում: Շատերն ակցիային մասնակցում են երեխաների հետ: «Էրդողանը փոխզիջման չի գնում: Նա ուղղակի իրենն է պնդում՝ չցանկանալով մեզ լսել: Իմ երեխան արդեն գիտի՝ ինչ բան է արցունքաբեր գազը»,- ասել է 2 երեխաների մայրը:











































