Հայաստանին կարծես հաջողվում է գտնել այն մոդելը, որը կգործարկվի հօգուտ գործընկերության և ԵՄ-ի, և Եվրասիական միության հետ: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոյի՝ ՀՀ-Մաքսային միություն ձևաչափի վերաբերյալ դիտարկումներին:
Արտակ Զաքարյանն ասաց, որ բազմիցս տարբեր առիթներով ասել է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման տեսանկյունից երբևէ չի կարող հակասությունների մեջ դիտարկվել Հայաստանի համար կարևոր և միմյանց զուգահեռ երկու գործընթացներն, ինչպիսին են Եվրասիական ինտեգրումը և ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագիրը: Նրա կարծիքով, այսինքն, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը նույնպես մեկ անգամ փաստեց այն հանգամանքը, որ ԵՄ-ն ևս պատրաստակամ է Հայաստանի հետ քննարկել տեխնիկական բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ծագել, որպեսզի Հայաստանը կարողանա առանց խոչընդոտների առաջ շարժվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ուղղությամբ:
«Ես սա նորմալ եմ դիտում: Մեր ընդդիմադիր գործընկերները կարծում են՝ կա՛մ ԵՄ-ի կողմից, կա՛մ Եվրասիական նոր ձևավորվող կառույցների կողմից կարող են երկընտրանքի խնդիրներ դրվել, նման խնդիր, սակայն, չի եղել և չի լինի առաջիկայում, քանի որ մեր մոտեցումները կառուցողական են, և երկու ուղղությամբ էլ կարծես թե հաջողում ենք»,- նկատեց Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ Մաքսային միության հետ հարաբերություններում Հայաստանն անցնելու իրավունք չունի, նա պատասխանեց, որ Հայաստանին, կարծես, հաջողվում է գտնել այն մոդելը, որը կգործարկվի հօգուտ գործընկերության և ԵՄ-ի, և Եվրասիական միության հետ: «Դեռևս աշխատանքները շարունակվում են այդ ուղղությամբ, և ես լիահույս եմ, որ մեր երկիրը կհաջողի այդ մասով»,- հույս հայտնեց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն ասել էր, որ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական կամ Մաքսային միություններում Հայաստանի դիտորդի կարգավիճակը որպես այդպիսին չի հակասում Եվրամիության հետ բանակցվող համաձայնագրերին, սակայն պաշտոնական Բրյուսելն ուզում է ծանոթանալ դրանց մանրամասներին և դրույթներին: Նա հիշեցրել էր, որ հայկական կողմը պետք է պատասխանատվություն ստանձնի, որ այդ պայմանավորվածությունները չհակասեն Եվրամիության առաջարկած Ազատ առևտրի մասին համաձայնագրի դրույթներին:
«Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ, և եթե հավակնում եք ստորագրել և իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որևէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին»,- ասել էր Եվրամիության ներկայացուցիչը` առանձնացնելով, թե հատկապես որ դրույթներն են անընդունելի Եվրամիության համար. «Խնդիրը հետևյալն է՝ ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առևտրի և մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունն՝ իր միասնական մաքսատուրքերի և առևտրի քաղաքականությամբ, զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»:









































