Հույն անարխիստներն այսօր վաղ առավոտյան Աթենքում ռումբ են պայթեցրել Հունաստանի խոշորագույն «Կորիդալոս» բանտի մուտքերից մեկի մոտ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես միշտ, պայթյունից 20 րոպե առաջ ծայրահեղականները պատրաստվող ակցիայի մասին հեռախոսով նախազգուշացրել են հունական մի հեռուստաալիքի և մի կայքի:
Ոստիկանությունն օպերատիվ կերպով շրջափակել է պայթյունի ենթադրյալ վայրը: Ուժգին պայթյունի հետևանքով տուժել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները: Թեթև վնասվածքներ է ստացել մի կին: Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:







































