The Washington Post թերթի ցանցային ռեսուրսներին հասանելիությունը դառնում է վճարովի: Պարբերականը հայտարարել է, որ հունիսի 12-ից իր հրապարակումներին համացանցով հետևողները ստիպված կլինեն վճարել: Ամսական 9.99 դոլար կգանձվի սովորական, 14.99 դոլար՝ ընդլայնված հասանելիության համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պարբերականի առցանց հրապարակումները անվճար կմնան միայն թերթի տպագիր տարբերակի բաժանորդների, ինչպես նաև պետծառայողների, մասնավորապես՝ զինվորականների, ուսուցիչների և ուսանողների համար: Նրանք կարող են այդ արտոնությունից օգտվել միայն աշխատավայրերում կամ ուսումնական հաստատություններում:
Դեռևս մարտին թերթը հայտարարել էր վճարովի դարձած թերթերին միանալու մտադրության մասին: Դրանց թվում էին՝ The Wall Street Journal-ը, The New York Times-ը, Boston Globe-ն ու Financial Times-ը: Պարբերականներին եկամտի այլ աղբյուրներ են պետք:
Ինչպես հաղորդվում է, 2012-ին The Washington Post-ի ցանցային նախագծերից եկամուտները կազմել են 110.6 մլն դոլար՝ 5 տոկոսով ավելի նախորդ տարվանից: Եկամուտները ստացվել են հիմնականում գովազդի հաշվին:








































