Սիրիա ցանկացած տեսակի զենքի մատակարարումն անարդյունավետ է և չի կարող ճգնաժամից դուրս գալուն նպաստել: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:
«Ռազմական լուծումը խաղաղության, տարածաշրջանի հաստատուն և ժողովրդավարական զարգացման չի հանգեցնի, այդ պատճառով զենքի մատակարարումը, հատկապես՝ Ասադի վարչակարգին, մեր տեսանկյունից՝ անարդյունավետ է և գործին չի օգնի»,- նշել է նախարարը:
Նրա խոսքերով՝ Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացումը կդառնա հակամարտության քաղաքական լուծում: «Մենք պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Վեստերվելլեն:
Բեռլինը վկայություն ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել: «Այդ փաստերը հարկավոր է մանրամասն ուսումնասիրել: Ժամանակն է, որ Ասադի վարչակարգն ապահովի ՄԱԿ-ի փորձագետների մուտքն իր տարածք»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:









































