Ասում են, որ երկարատև պատերազմներից հետո հասարակություններում սկսում են գերակշռել արու զավակների ծնունդները: Այս թեզն, իհարկե, գիտական ապացույցներ կամ հիմնավորում չունի, սակայն գուցե բնությունն ինչ-որ ուժով կամ ինչ-որ աննշմարելի կանոններով կարգավորում է ժողովուրդների կյանքը: Միգուցե դա այդպես էլ չէ, այլ ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից, որ գալիս է ոգի տալու ծանր պատերազմներից դուրս եկած հանրույթներին: Դժվար է ասել:
Հայաստանը այսօր պատերազմից դուրս եկած պետություն է, և արդեն արցախյան առաջին պատերազմից չէ, այլ քառօրյա պատերազմից դուրս եկած երկիր: Թեև դե յուրե այն չի հասել Հայաստանի սահման, սակայն Արցախը Հայաստան է, և պատերազմը եղել է Հայաստանի դեմ: Ընդ որում՝ նույնիսկ դժվար է ասել՝ դուրս եկել ենք պատերազմից, թե ընդամենը դադարեցվել է այն ժամանակավորապես: Բայց առավել ևս այդ պարագայում, Հայաստանը պետք է ապրի համապատասխան ռեժիմով:
Ի՞նչ է դա ենթադրում: Այսօր միայն ծույլերը չեն խոսում պատերազմից դաս քաղելու և վերափոխվելու հրամայականի մասին: Բայց եթե մենք փորձենք հետևել քառօրյա պատերազմին հաջորդած օրերի անցուդարձին, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ավելի շատ սկսել է ապրել հենց բանահյուսությամբ, քան բանականությամբ: Որովհետև բանականության դեպքում արդեն մենք պետք է քառօրյա պատերազմից մի քանի օր անց դեռ ոչ թե խոսեինք փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլ առնվազն սկսած լինեինք փոփոխությունների կոնկրետ գաղափարական և ծրագրային մրցակցությունը հասարակական-քաղաքական կյանքում, իհարկե՝ պետական անվտանգության և զարգացման թիվ մեկ պատասխանատու իշխանության նախաձեռնությամբ:
Մենք պետք է այսօր քննարկեինք քայլեր, առաջարկներ, գաղափարներ փոփոխության կապակցությամբ, մինչդեռ շարունակում ենք խոսել, որ պետք է փոխվել: Շարունակում ենք, որովհետև իշխանությանը պետք է, որ խոսենք, ոչ թե փոխվենք: Հայաստանում փոփոխությունն իշխող համակարգի մահն է, դրա համար էլ համակարգն ամեն ինչ անում է և անելու է, որպեսզի հասարակությունն առավելապես խոսի, որպեսզի հետպատերազմյան կամ հրադադարի դիսկուրսները հիմնականում ընթանան բանահյուսության ժանրում: Բանականությունն իշխող համակարգի թշնամին է:
Այսօր ՀՀ խորհրդարանում պետք է արդեն կուտակված լինեին օրենսդրական մի շարք նախագծեր, որոնք կտրականապես պետք է փոխեին ՀՀ տնտեսական հարաբերությունները, ուղղված լինեին մոնոպոլիաների և օլիգոպոլիաների ապամոնտաժմանը, հասարակական ստեղծագործական ներուժի համար բացեին լայնարձակ ճանապարհներ: ՀՀ իշխանությունը այսօր պետք է ուղղակի հեղափոխություն սկսած լիներ, որովհետև ստացել է ամենաթանկը՝ հասարակական քվեն: Բոլորովին միտված չենք կարծելու, որ պատերազմի վտանգի դեմ հասարակական համախմբումը դա համախմբում էր իշխանությունների շուրջ, վստահություն էր իշխանություններին: Բոլորովին: Սակայն պետք է ընդունել, որ ենթատեքստում, ակամայից, ենթագիտակցորեն, դա այդպես էր: Այսինքն՝ դուրս գալով պետությունը պաշտպանելու, Հայաստանի հասարակությունը նոր հնարավորություն է տվել իշխանություններին, անուղղակի քվե, քարտ-բլանշ է տվել, համաներում է արել իշխանությունների հասցեին և թեև դա անուղղակի է, ենթագիտակցական, ակամայից, բայց ամեն ինչ կարող է ուղիղ իմաստ ստանալ, եթե իշխանությունն ընդառաջ գնա հասարակական այդ պոռթկումին:
Հասարակությանը միավորել է պատերազմի վտանգը, ագրեսիան պետության դեմ, բայց այդ միավորումը պետք է շարունակի իշխանությունը՝ պետության համար նախաձեռնվելիք քայլերով: Սա իշխանության համար լեգիտիմանալու պատմական, նույնիսկ ճակատագրական հնարավորություն է: Եվ սա իրականում շատ ավելի խորը երևույթ է, քան կարող է թվալ: Սա իշխանության մնալ-չմնալու պարզունակ խնդիր չէ, սա ընդհանրապես պատմության և ժողովրդի առաջ կանգնելու խնդիր է, չթաքնվելու խնդիր է, մարմինն անմարդկային փայլերի մեջ պահելու, բայց հոգին ողջ կյանքում հոգեբանական նկուղներում չթաքցնելու խնդիր է, ամբողջ կյանքում հոգեբանական առնետավազքի մեջ չապրելու խնդիր:
Մյուս խնդիրները եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, միևնույն է, ինչ-որ մի օր հասարակությունն ինքն իր ձեռքով հաստատ լուծելու է: Եվ այս արտահայտությունների ներքո ամենևին պետք չէ հասկանալ նաև իշխանությունների հարցերը լուծելու հաշվեհարդարային ենթատեքստ: Հասարակության խնդիրը պետությունը պահելն է, ոչ թե իշխանություն ատելը: Եվ սա լավագույնս դրսևորվեց հենց այս օրերին: Ոչ ոք ոչ մեկի հանդեպ հաշվեհարդար չի տեսնելու: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ տրված է պատմական շանս ամեն մեկն իր խղճի առաջ մաքուր դուրս գալու համար: Իսկ այդ խնդիրը ունի հենց իշխանությունը, եթե իհարկե՝ իշխանությունը խիղճ ունի: Համենայնդեպս, Հայաստանի հասարակությունը մեծահոգաբար տվել է այդ հնարավորությունը՝ պահելով պետությունը:









































