Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ հակամարտությունների ու բռնի ծայրահեղականության պայմաններում միջազգային հանրությունը պետք է կրկին սովորի ապրել խաղաղության մեջ և հարգի միմյանց:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների լսումներում՝ Բոկովան հայտարարել է, որ մեծապես հավատում է մարդկության առջև ծառացած խնդիրների լուծման համար բազմակողմ մոտեցմանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարի ՄԱԿ-ը նշել է իր 70-ամյակը, իսկ ներկայում միջազգային հանրությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև՝ հակամարտություններ, բռնի ծայրահեղականության աճ: Բոկովայի կարծիքով՝ այդ երևույթների հետևում կանգնած ապակառուցողական ուժերը ցանկանում են մարդկությանը համոզել, որ նա չի կարող ապրել համատեղ:
Բոկովան վստահեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում մեծապես կպաշտպանի մարդու իրավունքները, քանի որ դա համարում է բարոյական պարտք ու կարևոր պատասխանատվություն: Նա կարևորել է նաև գենդերային հավասարության պահպանումը՝ ընդգծելով, որ 21-րդ դարը սեռերի հավասարության դար է:








































